ԱՊԼ-ի երկրների գագաթնաժողովը կոչ է արել համագործակցել Իրանի հետ
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները կազմակերպության՝ Թունիսում անցկացված 30-րդ գագաթնաժողովի արդյունքներով համագործակցության կոչ են արել Իրանի հետ, որը հիմնված կլինի բարիդրացիական հարաբերությունների եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու վրա: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրությունը:
«Մենք հաստատում ենք, որ արաբական երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ համագործակցության հարաբերությունները պետք է կառուցվեն բարիդրացիական սկզբունքների վրա»,-նշվել է ամփոփիչ հայտարարության մեջ: Արաբական երկրների գագաթնաժողովը մարտի 31-ին տեղի է ունեցել Թունիսում:
ԱՊԼ-ի հոբելյանական գագաթնաժողովի օրակարգում եղել է շուրջ 20 հարց՝ կապված տարածաշրջանի հիմնական խնդիրների հետ, ներառյալ պաղեստինյան հարցը, Սիրիայում, Լիբիայում եւ Եմենում տիրող ճգնաժամը, աջակցությունը Սուդանի խաղաղությանն ու զարգացմանը, Իրանի միջամտությունն արաբական գործերին, Թուրքիայի զինված ներխուժումը Հյուսիսային Իրաք, համարաբական անվտանգությունը:
Ընդ որում՝ կազմակերպության մեջ Սիրիայի անդամակցության վերականգնման հարցը չի ընդգրկվել գագաթնաժողովի օրակարգում, քանի որ պատվիրակություններից ոչ մեկն այն պաշտոնապես չի ներկայացրել քննարկման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: