Շիրխանյանի հրապարակումներում եղել են հանգամանքներ, որոնց գլխավոր դատախազը իրավական գնահատական տալու անհրաժեշտություն է տեսել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ լրագրողների հետ զրուցում ասել է, որ Պաշտպանության նախկին փոխնախարար Շիրխանյանի հրապարակումներում եղել են հանգամանքներ, որոնց ինքը իրավական գնահատական տալու անհրաժեշտություն է տեսել. «Դրանք քրեական գործ հարուցելու համար հիմք կդառնան, թե ոչ՝ ցույց կտան ստուգումներով ձեռք բերված փաստական տվյալները»։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ԱԱԾ. «Իրականացվում են ստուգողական միջոցառումներ։ Եթե կլինեն հիմնավորվող փաստեր, կտրվի ընթացք»,- ասել էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

Արթուր Դավթյանը պատասխանել է նաև իրեն ուղղված այն հարցին, թե պատրաստվում են արդյոք անդրադառնալ նաև 1996 թվականի ընտրություններին։ Նա հարցրել է, թե կա՞ն արդյոք դրանց վերաբերյալ նոր նյութեր։ Ի պատասխան լրագրողների պնդմանը, որ կան հրապարակումներ, դատախազն ասել է. «Ցանկացած մեկի հրապարակմանը, որը իրավական գնահատականի անհրաժեշտություն ունենա, տրվելու է պատշաճ արձագանք»։

Տեսանյութեր

Լրահոս