Ապրիլի 1-ից «Զվարթնոց»-ում թռիչքներ իրականացվելու են միայն երեկոյան 21։00-ից առավոտյան 9։00
«Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին: Ինչպես հայտնեցին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից, օդանավակայանի վազքուղին ունի 3850մ երկարություն և 56մ լայնություն: Այն կառուցվել է դեռևս 1963 թվականին և մինչ օրս մի քանի անգամ նորոգվել ևուժեղացվել է: Վերջին անգամ վազքուղու նորոգման աշխատանքներն իրականացվելեն 2003-2004թթ:
Վազքուղու ծածկույթի նորոգումը ներառում է ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, փոսային նորոգում, ճաքերի մաքրում և լցում հերմետիկով, գեոցանցի տեղադրում ճաքերի հատվածում, ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում և այլն:
Աշխատանքների իրականացման ընթացքում վազքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվելու է նորով: Նոր ”LED”համակարգը համապատասխանում է ժամանակակից միջազգային լավագույն չափանիշներին:
Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 1-ից և կտևեն շուրջ 45 օր: Աշխատանքների ընթացքում օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21:00-ից, մինչև առավոտյան 09:00: