Բաժիններ՝

Սպանված Հովսեփ Մկրտումյանի ծնողները և փաստաբանը պահանջում են ընթացք տալ Մատաղիսի հայտնի գործին

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պահանջում է, որպեսզի Մատաղիսի հայտնի գործին, որը տարիներ առաջ կասեցվել էր, ընթացք տրվի։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո ստեղծվել է հանձնաժողով, որպեսզի վերնայվեն այն քրեական գործերը, որոնք ժամանակին մեծ աղմուկ են բարձրացրել և կասեցվել են։

Քանի որ Զ. Փոստանջյանը եղել է Մատաղիսի գործով փաստաբանը, ուստի նա պահանջում է, որպեսզի հանձնաժողովն այդ գործը ևս քննի։

«Մատաղիսի գործով դատավարությունը եղել է 2004 թվականին, և այն այժմ կասեցվել է, այն ժամանակ զինվորական դատախազը Գագիկ Ջհանգիրյանն էր, և հենց նրա դիտավորությամբ ու միջամտությամբ է, որ գործը մինչև այսօր բացահայտված չէ, քանի որ այդ գործով տեղի են ունեցել բազմաթիվ կեղծիքներ, որի շրջանակներում երեք զինծառայողներ հանիրավի մեղադրվել են՝ ընդհուպ դատապարտվել էին մինչև զմահ ազատազրկման, սակայն հետագայում դատարանը բեկանել էր վճիռը և նրանց ազատ էր արձակել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց  Զ. Փոստանջյանը։

2003 թվականին սպանված Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, նշեց, որ արդեն բողոք են ներկայացրել Քննչական կոմիտե, գլխավոր դատախազին և ՄԻՊ-ին՝ պահաջելով կասեցումից դուրս բերել Մատաղիսի գործը։

«Մեղավորները հիմա ազատ ման են գալիս, ուզում եմ, որ իրական մեղավորներին գտնեն»,- ասաց Մովսես Մկրտումյանը։

Հիշեցնենք, որ Մատաղիսի հայտնի դեպքը տեղի է ունեցել 2003 թվականին Պաշտպանության բանակի N զորամասերից մեկում, երբ նույն զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանը և Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք գնելու նպատակով դուրս են եկել զորամասից և չեն վերադարձել։ 15 օր անց երկու զինծառայողների դիակները գտել են Մատաղիսի ջրանցքում։ 2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչել նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին և նրանց դատապարտել է 15 տարի ազատազրկման։

Սակայն Դատախազությունը և սպանված զինծառայողների ծնողները բողոքարկում են դատավճիռը` խնդրելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006թ. մայիսի 30-ին Ռ.Սարգսյանին, Մ.Սերոբյանին և Ա.Զալյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, որից հետո սպանված զինծառայողներից մեկի հայրը՝ Մ.Մկրտումյանը, Վերաքննիչ դատարանում հրաժարվել է բողոքից` նշելով, որ ամբաստանյալներն անմեղ են, նրանք չեն իր որդուն սպանողները, և հրաժարվել է իր ներկայացրած քաղաքացիական հայցից։

Ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանը հայտարարել է հացադուլ։ Ամբաստանյալներն իրենց հերթին՝ բողոքարկել են դատավճիռը՝ նշելով, որ իրենք որևէ հանցանք չեն կատարել, ուստի խնդրել են վերանայել գործը։

2006թ. դեկտեմբերի 22-ին՝ սպանությունից մոտ երեք տարի անց, ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի՝ սպանված զինծառայողի հոր՝ Մ.Մկրտումյանի ներկայացուցչի բողոքը և բեկանել է Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի, Ա.Զալյանի վերաբերյալ դատավճիռները և քրեական գործն ուղարկել է նոր նախաքննության։

2012 թվականին երկար դատավարական քննությունից հետո, բերված ապացույցների արդյունքում՝ դատարանն արդարացման վճիռ էր կայացրել զմահ դատապարտված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի նկատմամբ։

Մանրամասները 168.am-ի տեսանյութերում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս