«Ես այս օրակարգ չունեցող հանդիպումից ոչինչ չեմ ակնկալում». Անուշ Սեդրակյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

«Արտաքին գեոպոլիտիկայի տեսանկյունից՝ վերջին երեք տարվա մեջ աշխարհում աննախադեպ բաներ են տեղի ունենում: Տեսանք, թե ինչպես մեկ գրչի հարվածով ԱՄՆ նախագահ Թրամփն Իսրայելին բաշխեց Գոլանի բարձունքները: Պարզ է, որ Ղրիմն էլ մնալու է Ռուսաստանի կազմում, իսկ Հայաստանի դեպքում մենք տեսնում ենք, թե ինչպես բանակցություններից առաջ միանգամից մեր ստրատեգիական  դաշնակիցը  եթերը ողողում է հակավարչապետական նյութերով, ռեպորտաժներով՝ ցույց տալով, որ Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանի դաշնակիցը լինել հենց ղարաբաղյան բանակցությունների ֆորմատում: Ցավալիորեն մենք կորցրել ենք նաև արևմտյան աշխարհի հետ մեր ուղիղ կապը ու այլևս չենք կարողանում ակնկալել նմանատիպ աջակցություն և միջամտություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

«Ինձ մտահոգում է ևս մեկ բան. վարչապետը գնում է բանակցությունների, ու ֆորմատը նախապես հանրայնորեն չի քննարկվում: Պետք է բանակցությունների,  աշխատանքային հանդիպումների գնար՝ իր թիկունքում ունենալով հանրային աջակցության տեսլականը, օրինակ, կապված Արցախը բանակցային կողմ դարձնելու որոշման հետ: Լեգիտիմ վարչապետին նաև պետք էր Արցախի հարցում լեգիտիմիզացիա՝ հանրության կողմից, որը պետք է բարձրաձայնվեր: Ցավոք, ամեն ինչ գաղտագողի եղավ. արագ հայտարարեցին, արագ գնաց: Նույնիսկ նյութերի վերնագրերն այսպես են. «Վարչապետը գնաց Վիեննա: Կողքից նայողը կմտածի՝ գնացել է շրջագայելու»»,- հավելեց քաղաքագետը:

Անուշ Սեդրակյանի խոսքով՝ միայն ՀՀ վարչապետն է խոսում ոչինչ չզիջելու մասին, այնինչ բոլորի կարծիքը դա է, ու պետք է անընդհատ շեշտել այդ մասին:

«Սա այն պայքարը չէ, որ պետք է մենակ մնալ: Ես այս օրակարգ չունեցող հանդիպումից ոչինչ չեմ ակնկալում. Ո՛չ փաստաթուղթ, ո՛չ հուշագիր»,- նշեց քաղաքագետը:

Քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանն էլ ընդգծեց, որ հնարավորություն կա՝ Արցախը վերադարձնել բանակցությունների սեղան:

«Ես շատ մեծ հույս ունեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն հարցերի շուրջ, որոնց մասին խոսում է և՛ Արցախում, և՛ Հայաստանում, շատ հանգիստ և արժանապատիվ խոսի նաև Իլհամ Ալիևի հետ, իսկ թե ինչ կարձագանքի Ալիևը, դա արդեն հարցի մյուս կողմն է: Մենք մեր օրակարգով, նա՝ իր»,- ասաց Նարինե Դիլբարյանը:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում մեկնարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Հայկական կողմը որպես հանդիպման օրակարգ է մատնանշել կարգավորման երեք սկզբունքների և վեց տարրերի մեկնաբանությունների հստակեցման հարցը։

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս