
Արցախի գերմաներեն սովորող աշակերտների խումբն այցելել է Գերմանիա

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մարտի 24-ին դեսպանությունում հյուրընկալել է Արցախի մի խումբ գերմաներեն ուսումնասիրող աշակերտների, ովքեր Գերմանիա էին ժամանել դպրոցականների փոխանակման ծրագրով։ Այցը կազմակերպվել էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության և Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միխայել Շմիդտի աջակցությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Արցախի մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ դեսպանը հույս է հայտնել, որ այցի արդյունքում պատանիները սերտ կապեր կհաստատեն գերմանացի հասակակիցների հետ, որոնք կպահպանվեն և կընդլայնվեն նաև հետագայում։
Մարտի 27-ին Աշոտ Սմբատյանը Նաումբուրգում հանդիպել է քաղաքի գիմնազիայի տնօրեն, դոկտոր Հայնեքեի հետ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը բարձր է գնահատել դպրոցականներին գիմնազիայում հյուրընկալելու պատրաստակամությունը։ Երկուստեք կարևորվել է կրթության ոլորտում ապաքաղաքականացված համագործակցության խորացումը, ինչը կնպաստի երեխաների՝ գերմաներենի իմացության բարձրացմանը և գերմանական հարուստ մշակույթին մերձեցմանը։