Վարչապետը դադարել է Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունները գրանցել հեռախոսում պահվող «ֆայլում», քանի որ դրանք շատ են

Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի եզրափակիչ ելույթում անդրադառնալով հասարակության կողմից հաճախակի տրվող հարցին, թե մարդիկ երբ են իրենց մաշկի վրա զգալու դրական փոփոխություններ, նշեց, որ հեռախոսի մեջ պահպանում է հատուկ ֆայլ, որտեղ մեկ առ մեկ գրում է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում։

«Հիմա դադարել եմ գրել, որովհետև կոնկրետ փոփոխությունների թիվը շատանում է, և ես չեմ կարողանում դա անընդհատ լրացնել, բայց հիմա կբերեմ օրինակներ։

Օրինակ՝ 10 հազար բուժաշխատողների աշխատավարձը նախնական օղակում՝ պոլիկլինիկաների մակարդակում, 30-40 տոկոսով բարձրացել է, այս մարդիկ շոշափելի փոփոխություն չե՞ն զգում։ Դեռ հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգում մեր արած փոփոխություններով 206 հազար մարդու աշխատավարձերը բարձրացել են, շատ մեծ չէ, բայց բարձրացել է։ Եթե մենք աղքատ երկիր ենք, այդ բարձրացրած չափը տվյալ մարդիկ շոշափելի զգո՞ւմ են, թե՞ ոչ։ «1000 դրամների» հիմնադրամով զինծառայողների ընտանիքներին տրվող օժանդակությամբ, շոշափելի փոփոխություններ զգո՞ւմ են, թե՞ ոչ»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ բարձրացվել են 81 հազար թոշակառուների թոշակները, 130 հազար մարդու վարկային պատմությունն էլ մաքրվել է, այն մարդիկ, որոնք նախկինում չէին կարողանում շաքարավազ, բենզին կամ այլ բան ներկրել, այժմ ներկրում են։ Բացի այդ, հիմնանորոգվել է 320 կմ ճանապարհ, սոցիալապես անապահով ընտանիքների համար փոխվել են էլեկտրաէներգիայի և գազի սակագները, ջուրը չի թանկացել։

Ըստ վարչապետ Փաշինյանի, այդ դրական փոփոխություններից է նաև այն, որ երիտասարդ ընտանիքներն արտոնյալ հիպոթեքային վարկերով ձեռք են բերել բնակարաններ և դարձել տան տեր։ 250 հազար դրամով նվազել են սրտի ստենդավորման գները, և 200 հազար քաղաքացիներ սոցփաթեթի շրջանակներում ստանում են անվճար բուժսպասարկում։

Նա նաև վստահեցրեց, որ այս ամենով հանդերձ, դրական փոփոխությունների ցանկը չի ավարտվում։

«Այս տարի բարձրանալու է 38 հազար ուսուցչի աշխատավարձ, զինվորականների թիվը չեմ կարող ասել, որոնց աշխատավարձը բարձրանալու է, սա շոշափելի՞ արդյունք է, թե՞ ոչ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս