Ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին մեծ դեր խաղաց քաղհասարակությունը և սոցիալական մեդիան. Արայիկ Հարությունյան

Նախկին քաղաքական համակարգը վերջին տարիներին այնպես էր զարգանում, որ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները անխուսափելի էին: Այս մասին «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ ամբողջությամբ կանխատեսել  Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները դժվար էր, սակայն այն, որ իրենց քաղաքական թիմը ուներ հստակ նպատակ և որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծեին, ակնհայտ էր:

«Սկզբից շատ դժվար էր, որովհետև քաղաքական դաշտում ունեինք շատ փոքր աջակցություն, բայց, կարծում եմ, որոշիչ քայլերից մեկը այն էր, որ քաղաքացիական հասարակության հետ սկսվեց երկխոսություն: Մենք հիմնական մեր քայլերը ներկայացրեցինք նրանց և աջակցություն ստացանք:

Կարծում եմ, որ սա կարևոր քայլերից մեկն էր: Քաղաքական ուժերից աջակցություն, ըստ էության, չունեինք: Սրանով էր նաև պայմանավորված, որ ԶԼՄ-ները և քաղաքական շերտի ներկապնակը կանխատեսում էր, որ այս նախաձեռնությունը որևէ հաջողություն չի ունենա, բայց այդ 14 օրը (Գյումրիում մեկնարկած քայլերթը, որն ավարտվեց Երևանում-խմբ.) ծառայեց նպատակին, մենք կարողացանք գլխավոր մեսիջը հասցնել հասարակությանը: Երբ մենք մտանք Երևան, մեզ համար ակնհայտ էր, որ սառույցը կոտրվել է, և կարող ենք որոշակի հաջողություն ունենալ»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` հաջողություն հասնելու համար որոշիչ էր հասարակության լայն զանգվածների ներգրավումը, ինչպես նաև մեծ դեր խաղաց սոցիալական մեդիան:

«Մենք իշխանափոխության հնարավորություն տեսել էինք նաև 2016 թվականին, հայտնի իրադարձությունների ժամանակ, բայց, կարծես, հասարակությունը մեր ուղերձները, այնուամենայնիվ, չընկալեց այնպես, ինչպես դա ընկալեց 2018 թվականի ապրիլի-մայիս ամիսներին»,- ասաց Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս