
Մոսկվայում ձերբակալել են Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ Վիկտոր Իշաևին

Մոսկվայում քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ եւ Հեռավոր Արեւեքի դաշնային օկրուգում ՌԴ-ի նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ 70-ամյա Վիկտոր Իշաեւը: Ինչպես հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր, ուժայինները խուզարկություններ են կատարում Խաբարովսկի երկրամասի վարչակազմում:
«Վիկտոր Իշաեւը Մոսկվայում ձերբակալվել է հարուցված քրեական գործի շրջանակներում: Խաբարովսկի երկրամասի վարչակազմում ներկայում կատարվում են խուզարկություններ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ ճշտելով, որ քննչական գործողություններն սկսվել են դեռ նախօրյակին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է տարածաշրջանի իրավապահ կառույցներում ՏԱՍՍ-ի աղբյուրը, բացի Խաբարովսկի երկրամասի կառավարության շենքում կատարվող խուզարկություններից, խուզարկություններ են կատարվում նաեւ այն գրասենյակներում, որտեղ աշխատում են Իշաեւի ընտանիքի անդամները:
Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետին կարող է առաջադրվել լիազորությունների վերազանցման եւ հափշտակման մեղադրանք: