Բաժիններ՝

Մալթայի զինուժերը հսկողության տակ են վերցրել միգրանտների կողմից զավթված նավը

Մալթայի զինուժերը մարտի 28-ին հսկողության տակ են վերցրել միգրանտների կողմից Միջերկրական ծովում զավթված Elhibru 1 նավը եւ այն ուղեկցում են դեպի ափ: Այդ մասին հայտնել է Մալթայի տեղեկատվության դեպարտամենտը: Ավելի վաղ հաղորդվել է, որ հարյուրից ավելի միգրանտներ զավթել են իրենց փրկած առեւտրանավը եւ ուղղություն վերցրել դեպի Մալթա: Ենթադրվում է, որ նավի զավթումը տեղի է ունեցել Լիբիայի ափերի մոտ:

Նավը մեկնել էր Թուրքիայից, դրա անձնակազմի մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են: Մալթայի զինված ուժերը Elhibru 1 նավի հետ կապ են հաստատել, երբ այն գտնվում էր մոտավորապես 30 ծովային մղոն հեռավորության վրա եւ շարունակում էր ընթացքը կղզու ուղղությամբ, նշվում է հաղորդագրության մեջ: Նավապետը չէր վերահսկում նավը, նրան ու իր թիմին սպառնում էին միգրանտները, որոնք պահանջում էին իրենց հասցնել Մալթա:

Հաղորդվում է, որ երկրի զինված ուժերի պարեկանավը թույլ չի տվել նավին՝ մտնելու Մալթայի տարածքային ջրեր: «Մալթայի զինված ուժերի հատուկ նաշանակության խումբն ուղարկվել է նավ, որպեսզի վտանգազերծի այն եւ դրա կառավարումը հանձնի նավապետին»,-ասված է մամուլի տեղեկագրում: Զինված ուժերի ծառայողները նավն ուղեկցում են դեպի Մալթայի նավահանգիստներից մեկը, որտեղ միգրանտները կհանձնվեն ոստիկանությանը հետագա հետաքննության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս