Առողջապահության նախարարությունը կոչ է անում դադարեցնել պատվաստումների վերաբերյալ անհարկի շահարկումները
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել դադարեցնել պատվաստումների վերաբերյալ անհարկի շահարկումները և սկսել կառուցողական գործընթաց` հիմնված ապացուցողական բժշկության տվյալների վրա:
«Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ չեն գրանցվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդություններ՝ պոլիոմիելիտ, դիֆթերիա, փայտացում, կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր և այլն: Հատկանշական է, որ հենց այս օրերին Եվրոպայում մոլեգնում է կարմրուկի համաճարակը և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել, իսկ Հայաստանում դեպքեր չկան՝ շնորհիվ մեր երկրում պատվաստումների հաջող գործընթացի: Աշխարհում դիտվում է նաև դիֆթերիայի հետվերադարձ բռնկումների տեսքով՝ ուղեկցվելով մահվան դեպքերով:
Առողջապահության նախարարությունը խիստ դատապարտում է երկրի համաճարակային իրավիճակի ապակայունացմանն ուղղված յուրաքանչյուր փորձ: Շրջանառվող ապատեղեկատվությունը և ասեկոսեները կարող են նպաստել բնակչության շրջանում վախի և անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու խորացմանը, որը հղի է լուրջ հետևանքներով և կարող է վտանգել տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ձեռք բերված երկրի կայուն համաճարակային իրավիճակը` դրանով իսկ սպառնալով յուրաքանչյուր երեխայի և անձի առողջությանը:
Հիմք ընդունելով վերոհիշյալը՝ Առողջապահության նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում այս իրավիճակի վերաբերյալ և կոչ է անում`դադարեցնել պատվաստումների վերաբերյալ, այդ թվում` մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ, անհարկի շահարկումները և սկսել կառուցողական գործընթաց` հիմնված ապացուցողական բժշկության տվյալների վրա»: