Բաժիններ՝

«Կմտնենք դրանց պետերի տները, տեսնենք՝ ո՞նց են ապրում, ի՞նչ ավտոներ են քշում». Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցին՝ ասաց, որ Սյունիքի մարզում,  հատկապես՝ խոշոր համայնքներում, կա ոռոգման ջրի խնդիր, ուստի այդ պայմաններում իրատեսական չէ խոսել գյուղատնտեսության զարգացման մասին։

«Բռնակոթ համայնքում 2018 թվականի սեզոնի կեսից դադարեցվել է ոռոգումը ,և բանջարաբոստանային բերքի 80 տոկոսը փչացել է։ Մեկ մտավախություն էլ կա, քանի որ «Ջրօգտագործողների միության» աշխատակիցները նախորդ տարվա ապրիլից աշխատավարձ չեն ստացել, այդ առիթով նամակ եմ ուղարկել Տարածքային կառավարման նախարարություն, հետո զանգահարել, ասել են, որ խնդիրը լուծում են, հետևաբար` մինչև նրանք աշխատավարձ չստանան, ասել են, որ բոյկոտում են նախապատրաստվել ոռոգման սեզոնին»,- նշեց Սրբուհի Գրիգորյանը։

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ջրօգտագործողների միության» աշխատակիցներն իրենց աշխատավարձերը ստանում են հավաքագրած գումարների հիման վրա։

«Այսինքն՝ կա ջրօգտագործող, որն իր համար ստեղծել է միություն և ընտրել է միության նախագահի, ջուր օգտագործողը ջրի համար նախատեսված վարձը վճարում է, «Ջրօգտագործողների միությունը» վարձը հավաքագրում է և ստանում աշխատավարձ։ Ի՞նչ է նշանակում՝ բոյկոտում են, երեկ տեսա վերնագիր, որ մի շարք «Ջրօգտագործողների միությունների» դեմ հարուցվել է քրեական գործ՝ 1 մլրդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար։ Չեմ հասկանում, ամեն մեկն իր արածն ու չարածը, գողացածը պետք է «գցի» կառավարության վրա՞ ու ցույց անի, թե աշխատավարձ չե՞ն ստացել, չեք աշխատել՝ չեք ստացել։ Մենք հլը կգնանք այդ միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք, թե ո՞վ ինչքա՞ն է գողացել, և հետո չգաք-ասեք, թե այդ միություններին լցնում եք բանտերը»,- նշեց վարչապետը։

Նա իր զայրույթն արտահայտեց՝ նշելով, որ բոլորը նստում են իրենց տեղերում, գողանում ու թալանում են, վերջում էլ ասում են, թե՝ աշխատավարձ չեն ստացել, և կառավարությունը պետք է վճարի, ինչո՞ւ պետք է վճարի։

«Աշխատավարձ չեն ստանում, թող իրենց համապատասխան ղեկավարները դիմում գրեն-ազատվեն, որովհետև նրանք ի վիճակի չեն կառավարելու համակարգը, հերի՛ք է, ամենաշատ թալանված համակարգերից մեկն է, հես ա հերթով մենք բոլորի հետևից կգնանք։ Աշխատավարձ չեն ստանում, կմտնենք դրանց պետերի տները, տեսնենք՝ ո՞նց են ապրում, ի՞նչ ավտոներ են քշում»,- շեշտեց վարչապետը։

Անդրադառնալով ոռոգման խնդիրներին, Փաշինյանը նկատեց՝ նախորդ տարվանից  կառավարությունն ասել է, որ 10 մլն դրամ է հատկացնելու սուբվենցիոն ծրագրերին։

«Առաջարկում ենք, որ համայնքները ծրագրեր ներկայացնեն ենթակառուցվածքների զարգացման համար, 10 մլն-ից կարողացել ենք ծախսել 1,6 մլն-ը, քանի որ համայնքներն ի վիճակի չեն, կարողություններ չունեն, որպեսզի այդ ծրագրերը ներկայացնեն։ Մի տեղում մասնագիտական համապատասխան կարողություն չկա, մի տեղ չեն կարողանում բյուջեի գումարները հավաքագրել, չեն կարողանում համայնքը ճիշտ կառավարել։ Էլի եմ ասում, հին դիսկուրսից դուրս եկեք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն ասաց, որ գյուղացիներին ընդհանրապես չի հետաքրքրում ՋՕ-երի և կառավարության հարաբերությունները։

Վարչապետն էլ պատասխանեց, թե շատ վատ է, որ գյուղացիներին չի հետաքրքրում, քանի որ «Ջրօգտագործողների միության» ղեկավարը նրանց ընտրած ղեկավարն է՝ առնվազն դե յուրե։

«Ինչո՞ւ չի հետաքրքրում, բա շենքի բնակչին չի հետաքրքրում իր ու համատիրության աշխատողի հարաբերությունները, նա չի մտածում՝ ի՞նչ կապ ունի կառավարությունը համատիրության ղեկավարի կամ «Ջրօգտագործողների միության» հետ, դա իրենց ընտրած ղեկավար մարմինն է, որն իրենց պետք է ջուր ապահովի, բա իրենց թվում է, թե վարչապե՞տն է ջուր ապահովողը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս