
Իսրայելի օդուժը հարված է հասցրել սիրիական Հալեպին. SANA

Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայում գրոհել են Հալեպ քաղաքից հյուսիս ընկած արդյունաբերական գոտու վրա: Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը: «Իսրայելցի ագրեսորները հարված են հասցրել Շեյխ Նաջար արդյունաբերական գոտու մի քանի դիրքերի, թշնամական հրթիռներից մի քանիսը խփվել են»,-հայտարարել է Սիրիայի զինվորական հրամանատարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ հարձակման հետեւանքով նյութական վնաս է պատճառվել: Մինչդեռ արտասահմանյան ԶԼՄ-ները, վկայակոչելով սիրիական ընդդիմության տվյալները, հայտնում են, որ հարվածը հասցվել է այդ շրջանում իրանական զորքերի դիրքերին: Հալեպում խախտված է էլեկտրամատակարարումը:
The Jerusalem Post թերթը, հղում անելով իրավապաշտպան կազմակերպություններին, հայտնել է, որ հարվածի հետեւանքով Հալեպում տասը մարդ է զոհվել, կան վիրավորներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: