«Այդ օրը մենք պետք է լինենք պատրաստ, նախապատրաստված ու կազմակերպված». Գուայդո
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ «Ազատություն» գործողությունը, որն, իր կարծիքով, պետք է բերի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարման դադարեցմանը, կսկսվի ապրիլի 6-ին:
Համապատասխան հայտարարությունը նա մարտի 27-ին զետեղել է իր Twitter-ում: «Ապրիլի 6-ին ամբողջ երկրում տեղի կունենան «Ազատություն» գործողության առաջին տակտիկական ակցիաները: Այդ օրը մենք պետք է լինենք պատրաստ, նախապատրաստված ու կազմակերպված»,- գրել է քաղաքական գործիչը:
Նա կոչ է արել քաղաքացիներին՝ վաղօրոք ստեղծել կոմիտեներ, որոնք կզբաղվեն բողոքի շարժման համախմբմամբ: «Ոստիկանության աշխատակիցներն ու զինվորականները նույնպես կոչված են ամբողջ երկրում կազմակերպել մարդկանց պաշտպանությունը զինված խմբերից»,- հավելել է Գուայդոն: Ավելի վաղ նա կոչ է արել ժողովրդին՝ մարտի 31-ին բողոքի ակցիայի դուրս գալ երկրում էլեկտրականության մատակարարման խնդիրների կապակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: