
Որոնք են «ամենահզոր» անձնագրերով երկրների վարկանիշը

Henley & Partners շվեյցարական ընկերությունը կազմել է «ամենահզոր» անձնագրերով երկրների վարկանիշը: Դրանում առաջին դիրքն զբաղեցրել է Ճապոնիան: Ճապոնական արտասահմանյան անձնագրի տերերը կարող են այցելել 190 երկիր, ընդ որում կարիք չունենալով ստանալ մուտքի այցագիր:
Երկրորդ տեղը կիսել են Սինգապուրը եւ Հարավային Կորեան, որոնց բնակիչները անայցագիր մուտքի իրավունք ունեն 189 երկիր: Առաջատարների եռյակը եզրափակում են Ֆրանսիան եւ Գերմանիան՝ յուրաքանչյուրը 188 երկիր ցուցանիշով: Վարկանիշի հաջորդ տեղերն զբաղեցրել են Դանիան, Ֆինլանդիան, Շվեդիան եւ Իտալիան (187), Լյուքսեմբուրգը եւ Իսպանիան (186), Ավստրիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան եւ Պորտուգալիան (185):
Նրանց հաջորդում են Ավստրալիան, Իսլանդիան եւ Նոր Զելանդիան, որոնց քաղաքացիները կարող են առանց այցագրի այցելել 181 պետություն ու տարածք: Անայցագիր մուտքի ամենահամեստ հնարավորություններն ունեն Պակիստանի արտասահմանյան անձնագրերի տերերը (33), Սոմալին եւ Սիրիան (32), ինչպես նաեւ Աֆղանստանն ու Իրաքը (30), հաղորդել է ՏԱՍՍ-ը: