Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկում է դիպլոմային և կուրսային աշխատանքների պրակտիկան փոխարինել էսսեներ գրելու պրակտիկայով
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ԱԺ-ում ներկայացնելով «ՀՀ գովազդի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշեց, որ տարբեր անհատ անձանց և կազմակերպությունների կողմից վաճառվում են դիպլոմային և կուրսային աշխատանքներ, որով ազդում են կրթության որակի վրա։
Նրա կարծիքով՝ այս խնդիրը բազմաշերտ է, քանի որ այն չպետք է ստանար օրենսդրական լուծում, եթե հայաստանյան բուհերն ապահովեին նորմալ գործիքակազմ։
«Բուհերի հետ իմ բազմաթիվ քննարկումները ցույց են տալիս, որ շատերը դեռևս այդ գիտակցումը չունեն, և բուհերի ղեկավարները չունեն այդ գիտակցումը, որ պետք է դնեն հակապլագիատ գործիքներ, նրանց նույնիսկ ճանապարհն եմ մատնանշել, թե դա ինչպես պետք է անեն։ Այստեղ նոր հեծանիվ հնարելու խնդիր չկա, որովհետև մի շարք բուհեր արդեն օգտագործում են այդ գործիքները։ Պետք է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ և այնտեղ տեղադրել հակապլագիատ գործիքներ, բայց ունենալով այս բացը՝ մենք, ցավոք, այսօր պետք է առաջարկենք նման օրինագիծ»,- ասաց Հ. Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ ինչ-որ առումով այդ նախագիծը կարելի է համարել նախազգուշացնող, քանի որ արգելելու է կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքներ գրելու գովազդը։
Հովհաննես Հովհանիսյանը նաև տեղեկացեց, որ իրականացրել են հետազոտություն և պարզել, որ նույնիսկ գումարով արտագրությունների ծառայություն կա, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանում կան դասախոսներ, որոնք լսարանում շարունակում են թելադրություններ կարդալ, որն ուսանողները վերցնում են միմյանցից և գումարով տալիս արտագրելու, ինչը խայտառակություն է։
«Շատ կարևոր է, որ այս կազմակերպությունները հանվեն համալսարանների հարակից տարածքներից և ընդհանրապես արգելվեն։ Շատ անբարեխիղճ մարդիկ՝ լինեն դասախոսներ և այլք, համագործակցում են այդ կազմակերպությունների հետ և ամբիոններից արդեն պատրաստի աշխատանքներ են տրամադրում կազմակերպություններին, որոնք էլ ծիծաղելի ցածր գնով դրանք վաճառում են ուսանողներին։
Կարծում եմ՝ հետագայում պետք է արգելվի ռեֆերատների և կուրսայինների պրակտիկան, շատ ավելի լավ է մեկ էջանոց էսսե հանձնարարել ուսանողին և նրանց վերլուծական կարողությունները ստուգել, քան 30 էջանոց աշխատանք, որտեղ ոչինչ չի ստուգվում»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։
Զվարթ Խաչատրյան