«Տարածք չունենալու պատճառով երգչախումբը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև». Տիգրան Հեքեքյան
Արամի 23 հասցեում 1995 թվականից իր գործունեությունը ծավալած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը նախորդ տարվա հոկտեմբերից դադարեցրել է պարապմունքները՝ տարածք չունենալու պատճառով։
Հիշեցնենք, որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում, Արամի 23 հասցեում շինարարություն է իրականացնում շվեյցարահայ Վարդան Սերմաքեշին, նա այդ տարածքում կառուցում է ստորգետնյա ավտոկայանատեղի և հյուրանոց։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին պատկանող շինության պատը, որը վթարային էր, հունվարին փլուզվեց։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը բազմիցս բարձրաձայնել էր, որ երգչախմբին պատկանող տարածքի հարևանությամբ իրականացվող շինաշխատանքները տեղի են ունենում նորմերի խախտմամբ, որի հետևանքով էր շենքի պատը դարձել էր վթարային։
168.am-ի հետ զրույցում Տիգրան Հեքեքյանը նշեց, որ դեռ չեն գտել այնպիսի ժամանակավոր տարածք, որը հարմար կլինի երգչախմբի պարապմունքների համար, ուստի երգչախմբի պարապմունքները հոկտեմբերից դադարեցված են։
Ինչ վերաբերում է Մաշտոցի պողոտայում գտնվող տարածքին, որտեղ երգչախումբը պետք է անցկացներ իր պարապմունքները, Տիգրան Հեքեքյանը նշեց, որ այդ տարածքն այլևս չկա, քանի որ սեփականատիրոջ հետ խնդիրներ են ունեցել և հրաժարվել տարածքից։
«Արամի 23 հասցեի հետ կապված էլ իտալացիները նախագիծ են ներկայացրել Երևանի քաղաքապետարանին՝ սպասում ենք պատասխանին։ Մեր ներկայացրած նախագիծը չանցավ, այսինքն՝ ոչ թե չանցավ, այլ արհամարհվեց։ Ասում էին, որ այն համաձայնեցնենք սեփականատիրոջ հետ, բայց պատի փլուզումից հետո կառավարությունից հրահանգվել է, որ իրենք համաձայն են, փաստորեն իտալացիների նախագիծը ներկայացվեց։ Նախագիծը, արդեն երկրորդ շաբաթն է, ինչ քաղաքապետարանում է»,- ասաց Տիգրան Հեքեքյանը։
Նրա խոսքով՝ տարածք չունենալու պատճառով երգչախումբը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև՝ ծրագրից հետ է մնացել, շատ հրավերներ մերժել է, և չի բացառվում, որ առաջիկայում շատերը դուրս գան և իրենց համար այլ զբաղմունք գտնեն։
«Ներկայացրած նախագծի առումով մասնագետներն ասում են, որ դա միակ տարբերակն է այդ շենքը փրկելու համար։ Այնպես չեն այդ տարածքի «հերն անիծել», որ վերականգնեն, շատ տարածքներ են քանդվելու, այն, ինչը որ քանդվելու է, պետք է շուտ քանդվի։ Եթե նախագիծը հաստատվի, Աստված գիտի, թե կառուցումը երբ կսկսվի ու կավարտվի, այն ծախսատար ու ժամանակատար է»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Տիգրան Հեքեքյանը նաև տեղեկացրեց, որ մարտի 26-ին պետք է հանդիպի Երևանի փոխքաղաքապետի հետ՝ քննարկելու, թե ինչ հարմար տարածք կա երգչախմբի համար, քանի որ, եթե այդ տարածքը չլինի, Աստված գիտի, թե ինչ կլինի երգչախմբի հետագա ճակատագրի հետ։
«Եթե փոխքաղաքապետի հետ ընդհանուր հայտարարի գանք, գուցե հաջորդ շաբաթվանից վերսկսենք մեր պարապմունքները, քանի որ տարածք կա, որն առաջարկել ենք վարձակալել։ Փողքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ամեն ինչ անում է, որ երգչախումբը ժամանակավոր սկսի իր պարապմունքները»,- եզրափակեց Տիգրան Հեքեքյանը։
Զվարթ Խաչատրյան