Բաժիններ՝

«Երևի սպասում են` Արցախի հարցը լուծեն, նոր անդրադառնան մեր խնդրին». Տիգրան Հեքեքյանը՝ Արամի 23 հասցեում գտնվող շենքի մասին

«Հոկտեմբեր ամսից սկսած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը դադարեցրել է իր պարապմունքները։ Վթարային շենքի պարագայում մենք դեռ չգիտենք` ինչ պետք է անենք՝ իրականացնե՞նք մեր հեռահար ծրագրերը, թե՞ ոչ։ Մենք այլևս համերգներ տալու ցանկություն էլ չունենք, երգչախումբը չպետք է դիտարկենք այսօրվա 160 հոգին, հազարավոր մարդիկ են այդ երգչախմբից դուրս եկել, որոնք այսօր նշանավոր լրագրողներ են, դիվանագետներ, տնտեսագետներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ լուծումներ են առաջարկում պատկան մարմինները Արամի 23 հասցեում գտնվող շենքի համար, որտեղ երգչախումբն անցկացնում էր իր պարապմունքները։

Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքում 1995 թվականից իր գործունեությունն է ծավալում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։

«Հին Երևան» նախագծով նախատեսված է շենքի քանդում, որի հետևանքով խաթարվել է երգչախմբի գործունեության բնականոն ընթացքը։ Մի քանի պատկան մարմինների՝ Երևանի քաղաքապետարանին, Քաղաքաշինության պետական կոմիտեին, նույնիսկ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին դիմելուց հետո, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն այդպես էլ որևէ կոնկրետ պատասխան չի ստացել, թե ինչ ճակատագիր է սպասվելու պատմամշակութային հուշարձանին և երգչախմբին։

«Շենքը մաս-մաս փլուզվում է, եթե որոշ ժամանակ առաջ պատը 5 սմ էր հեռացել, այսօր ավելի շատ է։ Պատկան մարմինները գալիս ու գնում են, ինչ-որ մտքեր են ասում, բայց ոչինչ չի արվում։ Նամակներ եմ գրում՝ թողնում են առանց պատասխանի, արդեն չեմ էլ գրում։ Երբ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը տեսավ շենքը, ասաց, որ այն պետք է ամրացնեն, ներկա էին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, Երևանի գլխավոր ճարատարապետը, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը  և քաղաքապետը։ Չեմ հասկանում՝ ինչ-որ մանկամիտ քայլեր են իրականացնում, բացահայտ սպասում են, որ այդ շենքը քանդվի, այժմ ինչ-որ մարդկանց են փնտրում, որ հետո ասեն՝ ա′յ, իրենք են մեղավոր»,- նշեց Տ. Հեքեքյանը։

Նրա խոսքով՝ շենքն ամրակայելու նախագիծ են ներկայացրել Քաղաքաշինության կոմիտե, սակայն այն չեն հաստատել և հորդորել են նախագիծը քննարկել հուշարձանը քանդողների հետ:

«Այսինքն՝ մարդուն դանակահարել են, պառկեցրել են վերակենդանացման բաժնում, ասում եմ՝ եկեք բուժեք, պատասխանում են, թե՝ բուժումը պետք է քննարկենք դանակահարողի հետ»,- նկատեց Տիգրան Հեքեքյանը։

Նրա բնորոշմամբ՝ մի պատմական հուշարձան Արամի 23 հասցեում են քանդում, մի ազգային արժեք էլ շենքի պատերից դուրս՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբինը։

«Այս պարագայում ի՞նչ կարող եմ անել, գնամ ծեծե՞մ։ Նամակներ եմ գրում պաշտոնյաներին, այս հարցով զբաղվում է Մարդու իրավունքների պաշտպանը, գլխավոր դատախազն է հսկում, որովհետև հարուցվել է քրեական գործ։ Կարծում եմ՝ հարցը կլուծեն, երևի սպասում են՝ Արցախի հարցը լուծեն, նոր անդրադառնան մեր խնդրին։ Քաղաքապետին նամակ եմ գրել, որ, եթե նախորդ իշխանությունների կողմից օրենքների խախտման հետևանքը բերեց նրան, որ վթարի ենթարկվեց պատմական շենքը, ապա դրա փլուզումը կլինի իրենց անգործության և անտարբերության հետևանքը»,- ընդգծեց Տ. Հեքեքյանը։

Նշենք, որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում, Արամի 23 հասցեում շինարարություն է իրականացնում շվեյցարահայ Վարդան Սերմաքեշին, նա կառուցում է ստորգետնյա ավտոկայանատեղի և հյուրանոց։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս