
Անհայտ անձը հասանելիություն է ստացել ընկերության սերվերին և տիրացել դրանում պահվող կայքերից մեկին

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են համակարգչային սաբոտաժի դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին:
2018 թվականի դեկտեմբերի 22-ին ծրագրավորմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրն անհայտ անձը հասանելիություն է ստացել ընկերության սերվերին և տիրացել դրանում պահվող կայքերից մեկին:
Քննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը, նախկինում հանդիսացել է նույն ՍՊ ընկերության աշխատակից, որտեղից ազատվել է 2018 թվականի դեկտեմբերի 05-ին:
2018 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, չհանդիսանալով ՍՊ ընկերության աշխատակից՝ ապօրինի հասանելիություն է ստացել ընկերության սերվերին, պատճենահանել սերվերում գտնվող կայքերից մեկի տվյալների բազան իր բջջային հեռախոսում, որից հետո տվյալների բազան ջնջել է կայքից՝ այն բերելով ոչ պիտանի վիճակի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: