
Ղազախստանում առաջարկել են վերանվանել Պետրոպավլովսկը և Պավլոդարը

Ղազախստանի «Ակ Ժոլ» («Լուսավոր ուղի») դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Կազբեկ Իսան մարտի 25-ին առաջարկել է վերանվանել Պետրոպավլովսկը, Պավլոդարը եւ Սեմեյը՝ դրանց շնորհելով ղազախ նշանավոր պատմական անձանց անունները։
«Պետրոպավլովսկը պետք է կոչել Աբիլայ խանի անունով, իսկ Պավլոդարը՝ Քենեսարի անունով, որը պայքարել է անկախության համար, իսկ Սեմեյը՝ Ալիխան Բուքեյխանովի անունով: Հարկավոր է, որ մենք շարունակենք այս ձեւով»,-ասել է Իսան՝ «Ղազախստան-2050» Դեմոկրատական ուժերի համազգային կոալիցիայի նիստում հանդես գալով ի պաշտպանություն մայրաքաղաքի վերանվանման:
Նրա կարծիքով՝ Աստանան Նուր-Սուլթան վերանվանելու քաղաքական որոշումը ճիշտ էր: «Ակ Ժոլ» դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանական կուսակցություն է, պատգամավորական խմբակցություն ունի Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսում (ստորին պալատ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: