Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին. «Արսենալ»-ի կիսապաշտպանը մարզաշապիկ է նվիրել ՀՀ նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի աշխատակազմի «Ինստագրամ»-ի էջից:
<ՀՀ նախագահի աշխատակազմի «Ինստագրամ»-ի էջում հրապարակվել է լուսանկար, որում երևում է, որ Հենրիխ Մխիթարյանը ՀՀ նախագահին նվիրել է «Արսենալ»-ի իր մարզաշապիկը:
2019 թվականի հունվարի 23-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ: Արմեն Սարգսյանը հետաքրքրվել էր նաև Մխիթարյանի ապաքինման ընթացքով, հույս հայտնել, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտ և վերստին ուրախություն կպարգևի ֆուտբոլասերներին:
Որպես Լոնդոնի «Արսենալ»-ի երկար տարիների երկրպագու` նախագահ Սարգսյանը հույս էր հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա ներկա գտնվել Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ խաղերից մեկին: