«Անձի երկվության այս դիլեման, ցավոք, երկարաձգվում է». Արտակ Զաքարյան
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անձի երկվության այս դիլեման, ցավոք, երկարաձգվում է.
…..յուրաքանչյուրիս կյանքում լինում են իրավիճակներ, երբ մեր ներսում միաժամանակ ի հայտ են գալիս երկու ԵՍ և պայքարում միմյանց դեմ: Որքան բարդ է իրավիճակը, որպես կանոն դաժան է լինում նաև պայքարը, հետևաբար նաև դժվարանում է ճշմարիտ որոշումներ կայացնելը:
Մեր երկրի թիվ մեկ պաշտոնյայի ելույթներից, գործողություններից ակնհայտորեն երևում է, որ դեռևս շարունակվում է անողոք պայքարը երկու կերպարների՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Առայժմ ոչ ոքի է, և դատելով վերջին երկրարաշունչ ու ոչինչ չասող ասուլիսից, պարզ չէ, թե ու՞մ հաղթանակի շանսերն են ավելի մեծ՝ պատգամավորի թե՞ վարչապետի:
Եթե արդյունքում վարչապետ Փաշինյանի նկատմամբ հաղթանակ տանի պատգամավոր Փաշինյանը՝ ապա մեղմ ասած լավ չեն լինելու գործող կառավարության ու իշխող “Իմ քայլը” դաշինքի գործերը: Եթե ի վերջո վարչապետ Փաշինյանը կարողանա հաղթել պատգամավոր Փաշինյանին՝ ապա դրանից հնարավոր է, որ շահի նաև երկիրը:
Սարսափելին այն է, երբ պայքարն ավարտվի ոչ ոքի: Դա հղի է պետության առջև նոր մարտահրավերներով ու սպառնալիքներով՝ առանց իրական լուծումների: Արդյունքում տնտեսությունը կհայտնվի փոսում, սոցիալական խնդիրները՝ օդում կախված, Արցախյան հարցը՝ սրի ծայրին, ներքին ու արտաքին անվտանգությունը՝ Աստծո հույսին: Իսկ ժողովրդավարության, կամ հասարակության բարոյահոգեբանական վիճակի մասին խոսելն արդեն ավելորդ են:
Փաշինյանը կարողացել է աղավաղել հասարակության բարոյահոգեբանական վիճակն այնքան, որ այն արդեն սկսել է իր դեմ աշխատել: Ընդդիմադիր Փաշինյանին ձեռնտու էր հասարակության մի հատվածին մյուսի դեմ լարելը, թշնամանք ու ատելություն սերմանելը: Իսկ վարչապետ Փաշինյանին հակառակը՝ կոնսոլիդացիա է անհրաժեշտ:
Հիմա նա լավ հասկանում է, որ եթե ամբողջովին դրսևորի իրեն որպես վարչապետ Փաշինյան, ապա շատ հարցերում տարբերվելու և հակասելու է պատգամավոր Փաշինյանին: Նման իրավիճակներում արդեն հայտնվել է, օրինակ՝ ԵԱՏՄ անդամության հարցում, կուտակային կենսաթոշակների հարցում, արագաչափերի հարցում, արտաքին քաղաքականության մեջ, վերջերս նաև Արցախյան հարցում, արտաքին վարկեր վերցնելու հարցերում և այդպես շարունակ:
Անձի երկվության այս դիլեման ցավոք երկարաձգվում, ու նոր սպառնալիքներ է ծնում: Այդ պրոբլեմները առայժմ հնարավոր է լինում ծխածածկույթով անտեսանելի դարձնել, մարդկանց մոտ հույսեր ու ակնկալիքներ ձևավորել, բայց դա երկար ձգել չի լինի: Մարդիկ մտածել գիտեն, վերլուծել գիտեն ու շատ լավ հասկանում են, թե ինչի համար են մեկ տարի առաջ դուրս եկել փողոց: Մեկ տարին շուտով կլրանա, իսկ միջին վիճակագրական քաղաքացու կյանքում դեռ ոչ մի ՝դրական փոփոխություն չի եղել:
Գործող վարչապետ և նախկին պատգամավոր Փաշինյանների միջև պայքարը որքան շուտ ավարտվի, այնքան պարզ կլինի, թե իրականում ի՞նչ ակնկալել իշխանություններից: Իսկ առայժմ միայն պրոբլեմներ ենք կուտակում:
Ես հույս ունեմ, որ մի օր Նիկոլը կհայտարարի, որ պատգամավոր Փաշինյանը սխալ էր, վարչապետ Փաշինյանը՝ հույս ունենանք կլինի ճիշտ: Իսկ եթե պատգամավոր Փաշինյանը այնուամենայնիվ սխալ էր, ապա կհետևի, որ նախկին իշխանություններին մեղադրելու շատ քիչ բան է մնում՝ գուցե միայն հակակոռուպցիոն հարցերում»:
ԱՆՁԻ ԵՐԿՎՈՒԹՅԱՆ ԱՅՍ ԴԻԼԵՄԱՆ ՑԱՎՈՔ ԵՐԿԱՐԱՁԳՎՈՒՄ Է…..յուրաքանչյուրիս կյանքում լինում են իրավիճակներ, երբ մեր ներսում…
Gepostet von Artak Zakaryan am Sonntag, 24. März 2019