Բաժիններ՝

«Կադաստրում մեր անվան դիմաց, ասում են՝ ոչինչ չկա գրված, բայց ինչպե՞ս, եթե հողի հարկ ենք վճարել»

Արտաշատ քաղաքի Մասիսի 11 տան բնակիչ Արամ Հարությունյանը ցանկանում է տարիներով մշակած հողը սեփականաշնորհել, բայց թույլ չեն տալիս:

«Սովետական ժամանակներից այս անարդարությունը սկսվել է: Մենք պայքարում ենք մեր հողի համար: Մեր ընտանիքին 1988թ. օրենքով պետք է բաժին հասներ 1200քմ հող, քանի որ սկեսուրս և սկեսրայրս եղել են կոլխոզի աշխատողներ, սակայն հատկացվել է 800քմ, և քանի որ 800քմ-ի հետ համաձայն չի եղել ամուսինս, պետական գրանցում չի արել: Ի դեպ, շատերը կան, որ հողերը չեն սեփականաշնորհել: 7 տնից միայն 2-ն ունեն սեփականաշնորհում: Այդպես, կարգերը փոխվել են, եկել է նոր ղեկավար: 2011 թվականին մեր դիմումի կապակցությամբ Արտաշատի քաղաքապետարանից հայտնել էին, որ քաղաքապետարանը չի կարող բավարարել մեր խնդրանքը, քանի որ նշված հողատարածքը քաղաքային լճի կառուցման ժամանակ քաղխորհրդի գործկոմի կողմից իրացվել է:

Նաև բանավոր ասել էին, որ Հովիկ Աբրահամյանն է այդ տարածքին տիրացել, ինքը չի թողնում ոչ մի բան անել, ուստի տունը մի կերպ բարեկարգեք՝ ապրեք, մեկ է, ինքը տարածքը քանդելու է: Տունն էլ տուն չէ: Ոչ բաղնիք ունենք, ոչ խոհանոց, ոչ ջուր: Մի խոսքով՝ հեղափոխությունից հետո ասացինք՝ փորձենք, գուցե մի բան ստացվի: Այս ընթացքում փոքրիկ կրպակ բացեցին մեր հարևանությամբ, մի 10-25սմ մեր հողի մեջ է: Սալիկապատեցին, ցանկապատեցին, ու ամեն օր վեճ է գնում, կրպակի տերն էլ ասում է՝ գնա, ուր ուզում ես՝ բողոքի: Այս մարդը ժամանակին ավագանու անդամ է եղել ու սեփականաշնորհել է քրոջ հողը: Տեղը հարմար է, Սբ. Հովհաննես եկեղեցու մոտ, շարժը շատ է, նույնիսկ մարդիկ կարողանում են սրճել այդտեղ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Մասիսի 11 տան բնակիչ Լիանա Հովհաննիսյանը:

«Այս ընթացքում դիմեցինք քաղաքապետին, ասաց՝ չափագրեք, բերեք, կսեփականաշնորհենք: Մի խոսքով, եկան, չափագրեցին ու հենց հասան այդ ցանկապատին՝ կանգնեցին: Չափագրողն ասաց, որ սահմանազատված տարածք է, չի կարող չափագրել, անօրինականություն չի կարող անել: Ավելին՝ նոր քաղաքապետ Կարեն Բենիամինյանն ասաց, որ մենք հիմքեր չունենք: Բնական է, որ հիմք ունենայի, ինչո՞ւ պետք է իրեն դիմեի: Ինչ վերաբերում է կրպակի ապամոնտաժմանը, հայտնեց, որ դա կլինի այն դեպքում, երբ սահմանները ճշտվեն: Այսինքն, ո՞նց սահմանները ճշտվեն. առանց դա ճշտելու՝ մարդուն թույլ են տվել շինարարություն անի, մի բան էլ խոսում են: Դիմել եմ նաև Արարատի մարզպետին, ՀՀ նախագահին, վարչապետին, իրենք էլ վերահասցեագրեցին մարզպետարան, սրանք էլ՝ քաղաքապետարան: Էլի նորից կանգնեցինք կոտրած տաշտակի առջև:

Կարդացեք նաև

Կադաստրում մեր անվան դիմաց, ասում են՝ ոչինչ չկա գրված, բայց ինչպե՞ս կարող է այդպես լինել, եթե հողի հարկ ենք վճարել: Հարցնում եմ՝ բա ինչո՞ւ եմ գումար վճարել, պատասխանում են, թե՝ հողը մշակել ես: Բայց դա ի՞նչ կապ ունի:

Իրենց մոտից վերցված քաղվածքում էլ, պարզ երևում է՝ 1100 քմ-ը գրված է: Հիմա ասում են, թե քաղվածքը պետք է անվավեր ճանաչեն»,- նշեց քաղաքացին:

Գործը, ըստ քաղաքացու, առայժմ Դատախազությունում է:

«Սակայն հիմա ինչ թուղթ կա՝ փոշիացել է, մեր անվան դիմաց ոչինչ չկա գրված»,- հաղորդեց Մասիսի 11 տան բնակիչը:

Խնդրի հետ կապված փորձեցինք պարզաբանում ստանալ Արտաշատի քաղաքապետարանից, սակայն զանգերը մնացին անպատասխան:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս