
«Խաղում եմ երիտասարդ երկրպագուների համար». Ֆեդերերը չի ավարտում կարիերան

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հերքել է կարիերայի հավանական ավարտի մասին լուրերը:
«Ես կփորձեմ երբեք ամբողջովին չհեռանալ սպորտից: Նույնիսկ կարիերայի ավարտից հետո ես կշարունակեմ թենիս խաղալ: Պարզապես ես շատ եմ սպորտ սիրում, չափազանց շատ եմ թենիս սիրում, ինչպես և իմ ընկերներին, որոնց հետ հաճույքով կխաղամ: Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ կարիերային, ապա, իհարկե, մի օր այդ պահը կգա, երբ մարմինը կասի. «Ամեն ինչ հրաշալի էր, բայց հենց հիմա պետք է կանգ առնել»:
Իհարկե, հիմա ես դեռ հաճույք եմ ստանում խաղից և չեմ պլանավորում ավարտել: Պարզ է, որ այս թեման ավելի ու ավելի հաճախ է առաջ գալիս, բայց ես արդեն ասել եմ, որ խաղում եմ երկրպագուների համար, հատկապես՝ երիտասարդների»,- 37-ամյա Ֆեդերերին է մեջբերում NOS-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը