Բաժիններ՝

««Սանիթեք» ընկերությանը նկատողություն ենք անում և ասում, թե ինչ հստակ գործողություններ պետք է անեն». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ոչ բավարար է գնահատում «Սանիթեք» ընկերության աշխատանքը՝ Երևանի աղբահանությունը նորմալ կատարելու հարցում: 

««Սանիթեք» ընկերությանը նկատողություն ենք անում և ասում, թե ինչ հստակ գործողություններ պետք է անեն: Քաղաքապետարանի կոմունալ հարցերով վարչությունը ամենօրյա աշխատանքով, ապացույցներով, լուսանկարներով ուղարկում է այդ ընկերությանը իրենց իսկ սխալները, որպեսզի նրանք ուղղեն: Անկեղծ` մինչև այս պահը իրենք անընդհատ խոսք են տվել, որ կուղղեն և իրապես որոշ չափով ուղղվել է, եթե նկատել եք»,- ասաց Մարությանը:

Հարցին` արդյո՞ք այլ օպերատորներ ևս ներգրավելու են մայրաքաղաքի մաքրության աշխատանքներին, նա պատասխանեց.

«Երկրորդ օպերատոր պետք է ներգրավվի, իսկ երկրորդ օպերատոր ներգրավելու համար պետք է այս օպերատորի հետ խզել կնքված պայմանագիրը: Մենք այդ գործընթացի մեջ ենք: Եթե մենք ուղղակի խզենք պայմանագիրը` սա մեծ տուգանքների, տույժերի բեռ կլինի քաղաքի վրա, դրա համար մենք մեզ իրավունք չենք վերապահում ուղղակի խզել, այլ ընթացակարգով պետք է դա անել»,- ասաց Մարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս