Զելենսկին Ուկրաինայում ընտրություններից երկու շաբաթ առաջ պահպանել է առաջատարի դիրքը վարկանիշում
Ուկրաինայում ընտրություններից երկու շաբաթ առաջ նախագահական վարկանիշի առաջատարը մնում է շոումեն Վլադիմիր Զելենսկին. նրան աջակցում է ընտրողների 24,9 տոկոսը, երկրորդ դիրքում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն է, երրորդում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Այդ մասին վկայում են «Ռեյտինգ» հետազոտական խմբի հետազոտության արդյունքները: Հերթական նախագահական ընտրություններն Ուկրաինայի տարածքում անցկացվելու են մարտի 31-ին։
«Նախագահական վարկանիշի առաջատարը մարտի երկրորդ շաբաթվա վերջի դրությամբ մնում է Վ. Զելենսկին, որին աջակցում է այն քաղաքացիների 24,9 տոկոսը, որոնք արդեն ունեն իրենց թեկնածուն եւ պլանավորում են քվեարկել: Երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Յու.Տիմոշենկոն (18,8 տոկոս), երրորդը՝ Պ.Պորոշենկոն (17,4 տոկոս)»,-ասված է հետազոտության տեքստում, որը մարտի 19-ին հրապարակվել է «Ռեյտինգ»-ի կայքում:
Ուսումնասիրությունը մարտի 9-ից մինչեւ 19-ն անցկացվել է Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքի: Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքի 2,5 հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսը: Ավելի վաղ, մարտի 14-ին, «Սոֆյա» սոցիալական հետազոտությունների կենտրոնը հրապարակել էր մի ուսումնասիրություն, որի համաձայն, Զելենսկուն պատրաստ է աջակցել ընտրողների 23,1 տոկոսը, Տիմոշենկոյին՝ 14 տոկոսը, Պորոշենկոյին՝ 12,4 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: