Կանխվել են արգելված իրերի ներթափանցման փորձերը
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Ն.-ին երկարատև տեսակցության եկած կնոջը, որի ձախ կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի բաժանորդային քարտ։
Նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, զննության են ենթարկվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Կ.-ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Վ.-ին։ Վերջինիս ձախ կոշիկի միջից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս։
Մարտի 19-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Ջ. Տ.-ին տեսակցության եկած քաղաքացի Ռ. Ս.-ի անձնական զննությամբ վերջինիս ձախ գրպանից հայտնաբերել են գործարանային արտադրության 56 խաղաթուղթ, 2 wi-fi սարք և բջջային հեռախոսի 2 բաժանորդային քարտ։
Հայտնաբերվածներն առգրավվել են: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։