Բաժիններ՝

«ԿԲ առաջարկած տարեկան 6 մլն դրամ շեմը շատ բարձր է. Սա պետք է վերանայվի»

Այսօր Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծերի փաթեթով նախատեսվող գրավատների և փոխանակման կետերի համար սահմանված պետական տուրքի բարձրացման հարցը։ Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է պետական տուրքի գումարը ներկայիս 50 հազար դրամի փոխարեն՝ սահմանել տարեկան 3 մլն դրամ։

Նա տեղեկացրեց, որ վարչապետի օգնականի հետ իրենց հանդիպումներն անարդյունք են ավարտվել, և Կենտրոնական բանկն իր դիրքորոշումը չի փոփոխում։ Միության ղեկավարի խոսքով՝ առանց այդ էլ իրենց համար պայմանները խիստ են, օրինակ՝ եթե սուպերմարկետը ՀԴՄ չտրամադրելու համար առաջին անգամ տուգանվում է 150 հազար դրամով, ապա փոխանակման կետն անդորրագիր չտրամադրելու համար տուգանվում է 4 մլն դրամով կամ զրկվում է լիցենզիայից։

«Եթե տուրքը բարձրացվի, ՀՀ տարածքում գործող 128 գրավատներից մոտ 100-ը դուրս կմնան մրցակցությունից ու կփակվեն»,- հայտարարեց գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանը՝ նկատելով, որ գրավատները և փոխանակման կետերը ֆինանսական շուկայի կես տոկոսն են գրավում, և այս փոփոխությամբ ֆինանսական շուկայի կայունություն չի լինի:

Հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու հանար ԱԺ կհրավիրվեն կառավարության և ԿԲ ներկայացուցիչները. «Այսօր գրավատների ամսական պետական տուրքը կազմում է ընդամենը 8300 դրամ։ Այդ թիվը պետք է բարձրանա, բայց ԿԲ առաջարկած տարեկան 6 մլն դրամ շեմը շատ բարձր է: Սա պետք է վերանայվի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս