Նազարբաևի հրաժարականը չի ազդի ՀԱՊԿ պայմանավորվածությունների իրականացման վրա. Սեմերիկով
Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը Ղազախստանի նախագահի պաշտոնից չի ազդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«Ղազախստանի նախագահի փոփոխությունը չի ազդի համաձայնությունների և ծրագրերի իրականացման հետագա ընթացքի վրա, որոնք ավելի վաղ ընդունվել են ՀԱՊԿ-ում և այժմ իրագործվում են: Ինչպե՞ս դա կարող է ազդեցություն ունենալ, եթե ՀԱՊԿ-ի բոլոր անդամ երկրները կապված են միևնույն պայմանագրով: Այնտեղ հստակ շարադրված են կողմերի պարտականությունները մեկը մյուսի հանդեպ»,- ասել է Սեմերիկովը:
Նրա խոսքով՝ Նազարբաևի հրաժարականը չի նշանակում, որ նրա ստորագրած որոշումներն անօրինական են դառնալու:
Նուրսուլթան Նազարբաևը, ելույթ ունենալով հանրային հեռուստատեսությամբ, հայտարարել է նախագահի պարտականությունները վայր դնելու մասին: Նա նաև տեղեկացրել է, որ ղեկավարելու է Ղազախստանի Անվտանգության խորհուրդը: