Բաժիններ՝

Եվրոպական միությունը 12,5 մլն եվրո է տրամադրել Թումո-ին ինժեներական և կիրառական գիտությունների համալիր հիմնելու համար

«ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը» լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց, որն իր շուրջ է հավաքելու տեղական և միջազգային գործընկերների` Հայաստանում բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև բացը լրացնող կամուրջ ստեղծելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագծի մեկնարկը տրվեց մարտի 19-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շեշտեց, որ այս նախաձեռնության, ծրագրի միջոցով կփորձեն ամրապնդել կապը արդյունաբերության և գիտության միջև:

«Տասը օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հաջողված այցելություն ունեցավ Բրյուսելում, որտեղ նա հանդիպեց Եվրամիության ղեկավարների հետ: Ես այստեղ եմ եկել, որպեսզի իրականություն դարձնենք այն բոլոր համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Բրյուսելում և դրամաշնորհ ենք տրամադրել այդ նպատակով»,-նշեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթnն:

Նա շեշտեց, որ մարտի 18-ին միջազգային հանրության հեղինակավոր ներկայացուցիչների հետ այցելել է Թումո և քննարկել էներգոարդյունավետության հետ կապված բազմաթիվ հարցեր: «ՀՀ փոխվարչապետերի հետ իմ հանդիպումների արդյունքում ես կարող եմ վերահաստատել, որ էներգաարդյունավետությունն այն ուղղությունն է, որն օգուտներ կարող է բերել Հայաստանի քաղաքացիներին: Շեշտեմ, որ մենք պատրաստ ենք աշխատել նաև Սևանա լճի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, քննարկել ենք ոստիկանական համակարգում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ հավակնոտ մի ծրագիր»,-ընդգծեց Մերեդիթnն:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հետազոտությունը և նորարարությունը պետք է գան բուհեր, բարձրագույն կրթության ոլորտ, և այս նախագիծը նման հնարավորություններից մեկն է:

«Եվրամիությունը հանուն նորարարության նախագծի շրջանակում «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» հիմնելուց բացի կա ևս մեկ բաղադրիչ, որը հանրակրթության ոլորտում STEM առարկաների չափորոշիչների մշակումն է, դրանց փորձարկումն է, ուսուցիչների վերապատրաստումն է: Առաջիկա տարիներին ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում մենք միանգամայն այլ իրավիճակ կունենանք հանրակրթության ոլորտում»,-ասաց նախարարը:

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրեց նախագիծը, ինչին հետևեց համագործակցության մասին համաձայնագրի խորհրդանշական ստորագրությունը: «Շատ ոգևորված ենք, որ Հայաստանում ստեղծելու ենք համաշխարհային կարգի STEM էկոհամակարգ, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հաջորդ սերունդը կարող է սովորել և նորարարությամբ զբաղվել»,-ասաց նա:

Այս նոր նախագիծը կհիմնի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) համակարգի ուսանողների և երիտասարդ մասնագետների առաջադեմ կրթական կենտրոն՝ նրանց աշխատաշուկայում մրցունակ լինելու նախապատրաստելու համար, ինչպես նաև հարթակ կստեղծի գոյություն ունեցող նախաձեռնությունների (ինկուբատորներ, աքսելերատորներ, համալսարաններ և արդյունաբերություն) համար` բոլոր շահառուների միջև համագործակցություն և կապեր ստեղծելու նպատակով:

Այս նախագծում կիրառվող ուսումնական մոտեցումը շեշտը հմտությունների վրա է՝ հիմնված գործնական կրթության վրա, որը կարող է լրացնել տեղական համալսարանական համակարգի ապահոված տեսական և ակադեմիական կրթությունը: Այն հիմնված է երկու գաղափարների համակցության վրա` Ա) Նախագծահեն ուսումնառություն և Բ). Just in time learning` նպատակային ուսուցում:

Նախագծահեն ուսումնառությունը ենթադրում է ուսանողների և երիտասարդ մասնագետների ներգրավումը առաջատար, իրական տեխնոլոգիական նախագծերում, որը կտա շոշափելի, մրցակցային արդյունք` որպես հմտությունների և փորձառությունների փոխանցման ամենաարդյունավետ միջոց, մասնավոր կազմակերպության հովանավորությամբ: Նպատակային ուսուցման հիմքում նախագծի համար հարմարեցված դասընթացների միջոցով ուսանողներին վերը նշված նախագծերում մասնակցելուն նախապատրաստելու գաղափարն է:

Նախագծի նպատակն է ամրապնդել կապը գիտակրթական ոլորտի և ՏՏ/ճարտարագիտական արդյունաբերության միջև, նպաստել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի փոփոխություններին, ապահովել ընդհանուր հետազոտական հարմարություններ և նախագծահեն ուսումնառություն, որը հասանելի կլինի STEM համակարգի բոլոր հայ ուսանողներին: Հետազոտությունների և արդյունաբերության միջև կապը ամրապնդելու համար՝ կենտրոնը ստարտափներին և փոքր տեխնոլոգիական կազմակերպություններին կապահովի ինկուբատորային հարմարություններով:

Ծրագրի գործընկեր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անկախ հիմնադրամ է, որը ներկայումս կրթում է 14,000 ուսանողի (12-18 տարեկան) անվճար, արտադպրոցական ծրագրի շրջանակներում՝ թվային տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս