Հայաստանը կհյուրընկալի Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառում. Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լոուրենս Մերեդիթին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 19-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ վարչապետի՝ վերջերս ԵՄ կառույցներ կատարած այցի արդյունքներին և գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան շփումները և կայացած փոխայցելությունները վկայում են ՀՀ-ԵՄ գործընկերության բարձր մակարդակի մասին:
ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների և զարգացման օրակարգի կյանքի կոչման գործընթացի շրջանակներում ԵՄ հետ հետևողականորեն զարգացող փոխգործակցությունն ու աջակցությունը, իսկ ԵՄ պաշտոնյան իր հերթին վերահաստատեց դրանց շարունակականության ապահովման պատրաստակամությունը։
Քննարկեցին նաև ՀՀ-ԵՄ միջև ոլորտային համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանի թվային օրակարգի զարգացման հեռանկարները և այդ համատեքստում այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Զրուցակիցներն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծին և դրա շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն խորհրդակցությունների անցկացմանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ պաշտոյան նաև մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության 10-ամյակի տոնակատարման ծրագրերի և այս հոբելյանի նշանավորման նպատակով Հայաստանի կողմից հյուրընկալվելիք միջոցառմանն առնչվող հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։