Բաժիններ՝

Արարատ Միրզոյանը Բունդեսթագի նախագահին առաջարկել է դիտարկել Հայաստանում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 19-ին հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգեւորությամբ են հետեւել 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում ծավալված Թավշյա հեղափոխությանը՝ ընգծելով, որ նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ԱԺ նախագահի կարգավիճակում սա իր առաջին պաշտոնական այցն է Եվրոպա: Խորհրդարանի ղեկավարն իր խոսքում գերմանացի գործընկերոջը ներկայացրել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության շարժառիթները, դրանց հաջորդած ժամանակաշրջանն ու դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք արժանացել են միջազգային դիտորդների ամենաբարձր գնահատականին:

Օրենսդիր մարմնի ղեկավարը, արժեւորելով Գերմանիայի խորհրդարանական ավանդույթները, նշել է, որ Բունդեսթագի փորձը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի Ազգային ժողովի համար:

Այս կապակցությամբ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել հաճախակի դարձնել թե՛ պատգամավորների, թե՛ խորհրդարանների աշխատակազմերի փոխայցելությունները:

Զրույցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները եւ Վոլֆգանգ Շոյբլեն քննարկել են հայ-գերմանական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ Գերմանիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում, վիզաների ազատականացում, եվրոպական երկրների աջակցություն Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում:

Անդրադառնալով Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ գոյություն ունեցող մշակութային եւ կրթական կապերին՝ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել մեր երկրում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը, ինչն էլ ավելի կխորացնի երկու երկրների քաղաքացիների միջեւ հարաբերությունները:

Արարատ Միրզոյանը եւ Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումն արդեն երեկոյան՝ ԱԺ նախագահի պատվին Բունդեսթագի ղեկավարի անունից տրվող պաշտոնական ընթրիքի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս