Հայկական չմասնակցության ռուսական սցենարը
Երեկ Վրաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ-2019»-ը՝ ՆԱՏՕ-ի անդամ 24 երկրի և դաշինքի գործընկերների զինված ուժերի մասնակցությամբ: Զորավարժություններին մասնակցում են ստորաբաժանումներ Ալբանիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Չեխիայից, Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Լատվիայից, Լիտվայից, Հոլանդիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Վրաստանից ու Շվեդիայից: Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 29-ը:
Պաշտոնապես զորավարժությունների նպատակն է՝ բարձրացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի և դաշինքի գործընկերների փոխգործակցությունը: Զորավարժություններին հետևելու է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մարտի 25-ին Վրաստան կատարելիք այցի ժամանակ։
Այսպիսով, Հայաստանն այս անգամ ևս չի մասնակցում ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժությանը։ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այդ առթիվ ասել է. «Մեզ անհրաժեշտ չի եղել զորավարժությունների այդ սցենարը»։
Ընդամենը։ Որևէ այլ բացատրություն ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու պատճառների վերաբերյալ չի ներկայացվում։ Դրանք, ի դեպ, դուրս են ՊՆ պաշտոնյաների լիազորությունից, քանի որ ակնհայտ է՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության հարցը որոշվում է իշխանության ամենաբարձր մակարդակով, ինչպես որ ակնհայտ է այս զորավարժություններին չմասնակցելու պատճառը՝ չզայրացնել ռուսներին։
Հայտնի է, որ նախկինում նման զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը բավական վատ է ընդունվել Ռուսաստանում։ Իսկ Հայաստանի նոր իշխանությունը, ինչպես հայտնի է, ամեն ինչ անում է Ռուսաստանին ամեն կերպ հաճոյանալու համար։ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունն այդ տրամաբանության մեջ չի տեղավորվում։
ՊՆ խոսնակի մեկնաբանությունը որևէ քննադատության չի դիմանում. կարելի է կարծել, թե նախորդ բոլոր զորավարժությունները, որոնց Հայաստանը մասնակցել է, մեզ համար խիստ արդիական սցենարներով են եղել։ Ինչ խոսք, նախորդ իշխանությունների ժամանակ ևս երբեմն ՀՀ-ն չի մասնակցել այդ զորավարժություններին, սակայն հատկանշականն այն է, որ այս որոշումը կայացվում է Հայաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի շաբաթից անմիջապես հետո, որի կապակցությամբ Հայաստան էր այցելել կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։
Այսպիսով՝ գործ ունենք հերթական անգամ Ռուսաստանի շահի գերակայությամբ, ի վնաս Հայաստանի շահի, կայացված որոշման հետ։ Այս իրողությունների համատեքստում, ի դեպ, մեղմ ասած, զարմանալի է մեր իշխանությունների՝ Արևմուտքից ֆինանսական աջակցություն խնդրելու, իսկ ավելի ճիշտ՝ պահանջելու մոտեցումը։
Երբ խոսքը վերաբերում է գումարին, իշխանությունները հանդես են գալիս պահանջատիրոջ կարգավիճակից, սակայն, երբ անհրաժեշտություն է առաջանում մասնակցել արևմտյան այս կամ այն նախաձեռնությանը, պարզվում է՝ դա մեր «սցենարի մեջ չի մտնում»։
Բնականաբար, գերտերությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ունեն իրենց շահերը տարածաշրջանում, և որպես ռազմավարական դաշնակիցներ՝ մենք պետք է հաշվի առնենք փոխադարձ շահերը։ Սակայն ակնհայտ է, որ ՀՀ նոր իշխանությունները չեն կարողանում բալանսավորված արտաքին քաղաքականություն վարել, ինչի արդյունքում՝ մի ծայրահեղությունից մյուսի մեջ է հայտնվում երկիրը։