Սեւանի բժշկական կենտրոնում բացվեց համակարգչային շերտագրության ծառայություն
Սեւանի բժշկական կենտրոնի շենքում բացվեց համակարգչային շերտագրության ծառայություն, որն իր նշանակությամբ առաջինն է Գեղարքունիքի մարզում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ համակարգչային շերտագրության ծառայության կաբինետի բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանը, Գեղարքունիքի մարզի բուժհաստատությունների տնօրեններ, պաշտոնական այլ անձինք: Ինչպես բացման արարողությունից հետո ներկայացրեց «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանը, համակարգչային շերտագրության սարքը ձեռք է բերվել եւ տեղադրվել է իրենց կազմակերպության կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Սեւանի բժշկական կենտրոնի համագործակցության արդյունքում:
Այն ճապոնական արտադրության լավագույն ու ամենաժամանակակից սարքավորումներից մեկն է, որը հնարավորություն է տալիս տեղում անսխալ ախտորոշել այնպիսի բարդ հիվանդություններ, ինչպիսիք են ինսուլտները, գլխուղեղի ուռուցքները, գանգուղեղային վնասվածքները, թոքաբորբը, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան, թոքի ուռուցքները եւ վնասվածքները, ուռուցքները, ապենդիցիտը, անանցանելիությունը: « Նման հզորության ու նշանակության սարքավորում գործում է Հանրապետության 3 բժշկական կենտրոններում, որոնցից մեկը՝ Սեւանի բժշկական կենտրոնում: Այն սպասարկելու է ոչ միայն Սեւանի, այլ նաեւ Գեղարքունիքի մարզի, ինչու ոչ, նաեւ հարեւան մարզերի բնակիչներին: Մենք սպասարկումն այստեղ մայրաքաղաքի բուժհաստատություններում գործող գների համեմատ իրականացնելու ենք 20 տոկոս զեղչով: Բացի այդ, ծառայությունից օգտվելու դեպքում բնակիչները կխնայեն այն գումարները, որոնք հարկադրված կլինեին ծախսել՝ մայրաքաղաք հասնելու համար: Ծառայությունը կգործի ամենօրյա աշխատանքային ռեժիմով, կսպասարկի նաեւ արտակարգ դեպքերը աշխատանքային ժամերից դուրս: Այստեղ կգործի նաեւ պետպատվերը: Հետազոտությունների պատասխանները քաղաքացիներին տրվելու է տեղում, նույն պահին, ժապավենի կամ սկավառակի վրա, իսկ գրավոր պատասխանի դեպքում՝ 8-12 ժամվա ընթացքում: Ծառայությունը սպասարկում է բարձրակարգ բուժանձնակազմը, որն անցել է համապատասխան վերապատրաստում»,-ներկայացրեց Հարություն Մանգոյանը:Գեղարքունիքի մարզում համակարգչային շերտագրության ծառայության ներդրման շուրջ իրենց տպավորություններով կիսվեցին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:«Մեր մասնավոր գործընկերների ներգրավմամբ եւ աջակցությամբ փաստորեն մարզերում այսօր լուծվում է տեխնիկական հագեցվածության խնդիրը:
«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի կողմից Սեւանի բժշկական կենտրոնում տեղադրված համակարգչային շերտագրության սարքավորումը Հանրապետությունում գործող երեք լավագույն սարքավորումներից մեկն է: Այդուհանդերձ, այդ հզորության կողքին հարկավոր են բարձրորակ մասնագետ կադրեր, ինչով ապահովված է այս ծառայությունը: Այս ծառայության ներդրումը Գեղարքունիքում նկատելի առաջընթաց քայլ է մարզերում առողջապահության զարգացման մակարդակը բարձրացնելու տեսանկյունից: Մենք ձգտելու ենք նման քայլերով մարզերի բուժսպասարկման մակարդակը բարձրացնել ու մոտեցնել մայրաքաղաքի բուժհաստատություններում առկա մակարդակին ու հնարավորություններին: Այս տարի Գեղարքունիքում սկսվելու է Մարտունու բժշկական նոր կենտրոնի շենքի կառուցումը, որը եւս կհագեցվի նորագույն տեխնիկական միջոցներով: Հոգալու ենք նաեւ կադրային հագեցվածության մասին, որպեսզի ապահովենք համակարգի արդիականացումը մարզերում»,-նշեց Արսեն Թորոսյանը: «Ուզում եմ շնորհավորել մեր մարզի բնակիչներին, ովքեր այսուհետ կարող են օգտվել այս շատ կարեւոր ծառայությունից՝ առանց մայրաքաղաք հասնելու եւ ավելորդ ծախսեր անելու: Համակարգչային շերտագրության ծառայության բացումը մեր մարզում պետական ու մասնավոր հատվածների համագործակցության ցայտուն օրինակ է, որը կարելի է զարգացնել ու խորացնել, ինչն իր հերթին զարկ կտա մեր մարզի առողջապահական համակարգի արդիականացմանն ու զարգացմանը»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Խոսրով Խլղաթյան