Բաժիններ՝

«Ստացվում է՝ այս «բարեփոխումից» գրավատների ու փոխանակման կետերի տուրքը բարձրացնում են 60 անգամ, որից զգալիորեն օգտվում են բանկերը»

Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով գրավատների պետական տուրքն ավելանում է 60 անգամ կամ 6000 տոկոսով՝ 100.000 դրամից դառնալով 6 միլիոն դրամ, փոխանակման կետերի դեպքում էլ՝ 50.000-ը դառնում է 3 միլիոն դրամ:

Մխիթար Ասլանյանը, ով ներկայացնում է գրավատների և փոխանակման կետերի շահերը, կարծում է, որայս որոշումը լուրջ խնդիրներ է առաջացնելու:

«Ասում են՝ վեր կացեք և քայլեք, բայց մարդիկ, որպեսզի քայլ գցեն և գրավատուն բացեն՝ սկզբից պետք է ունենան 6 միլիոն դրամ, որովհետև լիցենզիայի տուրքը վճարվում է սկզբից, իսկ շահութահարկը, որընվազեցվում է, վճարվում է տարվա ավարտից հետո՝ գործունեության արդյունքներով: 6 միլիոնը նախապես ես վճարում, որպեսզի լիցենզիա ունենաս ու կարողանաս գործել»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Մխիթար Ասլանյանը՝հավելելով, որ նման կարգի բարձրացումը պետք է ունենա հիմնավորում:

Հարցին՝ իրենց հետ Կառավարությունում քննարկումներ տեղի ունեցե՞լ են, պատասխանեց, որ ընդհանրապես գրավատների և տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչների հետքննարկում չի եղել:

«Մինչ օրս հիմնավորում չկա: Ասում են՝ 2002 թվականից 100.000 դրամ է սահմանված եղել, ու մինչ օրս տուրքի գումարը չի փոխվել: 2002 թվականին, որ 100.000էին սահմանել, ունեի՞ն հիմնավորում, չունեին: Կարող է այդ ժամանակ դա շա՞տ բարձր գին էր: Հիմա ինչպե՞ս են որոշում, որ դա ցածր տուրքի գումար է, կարող է՝այսօր արդեն համապատասխան է այդ գումարը: Պետությունը, ամեն դեպքում, քայլ անելուց առաջ պետք է ունենա հիմնավորում՝ եթե այսքան գումարի չափ եմ առաջարկում, ոլորտն ի վիճակի՞ է բարձրացնել այդ ծանրությունը, թե՞ չէ, և ինչո՞ւ հենց այդքան գումար պետք է նշվի»,- հարց բարձրացրեց Մխիթար Ասլանյանը:

Գրավատների և փոխանակման կետերի շահերի պաշտպանի խոսքով՝ իրենք կարողանում են որոշակի եզրակացությունների հանգել համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների կողմից կատարված հայտարարություններից:

«Ֆինանսների փոխնախարարը հարցազրույցներից մեկում հայտարարեց, թե իրականացնում են հարկային բարեփոխումներ, շահութահարկը 20 տոկոսից իջեցնում են 18 տոկոսի, ֆինանսական ոլորտն այդ բարեփոխումների արդյունքում օգտվում է 6-6.5 միլիարդ դրամով, այսինքն, ավելի պակաս հարկ է վճարում բյուջե: Սակայն, քանի որ ֆինանսական ոլորտը չի հանդիսանում հարկային բարեփոխումների շահառու, որոշել ենք պակաս վճարած գումարը հետ բերել այլ ճանապարհներով՝ անուղղակի հարկերի միջոցով, որոնցից է՝ լիցենզիայի տուրքը: Բայց հետաքրքիր բան է ստացվում: Երբ որ բանկերի միջին շահույթը տարեկան մոտ 6 միլիարդ է կազմում, քանի որ բանկեր ունենք, որ մինչև 12 միլիարդ դրամ շահույթ ունեն, շահութահարկի երկու տոկոս նվազման պարագայում օգտվում են բարեփոխումներից. 12 միլիարդ շահույթ ունեցող բանկն օգտվում է 240 միլիոն դրամով, միջին բանկը՝ 120 միլիոն: Իսկ գրավատների ու փոխանակման կետերի տուրքը բարձրանում է 60 անգամ, և ստացվում է, որ բանկերը զգալիորեն օգտվում են, և սա՝ այն դեպքում, որ գրավատների տարեկան կտրվածքով միջին շահույթը կազմում է 13 միլիոն դրամ: Գրավատունն օգտվում է 260.000 դրամով՝ այս հարկային բարեփոխման արդյունքում, որի փոխարեն պետք է վճարի 5 միլիոն 900.000 դրամ ավելի, ինչը լուրջ բեռ է»,- նշեց Մխիթար Ասլանյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս