Դալմայի այգիներում «Դիսնեյլենդի» փոքր տեսակն է կառուցվում
«Տուրք տալով շուկայական հարաբերություններին՝ ամեն ինչ խառնվեց: Յուրաքանչյուր շինություն՝ դպրոց, մանկապարտեզ կամ սրճարան, իր տեղը պետք է ունենա, ինչը միայն նախագիծ ունենալու դեպքում է հնարավոր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը:
«Մենք չտեսնված Մանկական այգի ունեինք՝ իր երկաթգծով: Բարձիթողի վիճակում է: Ավելին, «Նաիրի» կինոթատրոնի դիմացի պուրակը խաղահրապարակ է սարքվել՝ քայլել չես կարողանում: Հեղինակները ժամանակին բետոնե գեղեցիկ նստարան էին կառուցել, որը քանդվել է: Չես հասկանում, թե ինչի՞ համար: Եթե քաղաքացու համար է, ապա նա այնտեղ վատ է զգում: Բզկտված վիճակում է նաև «Հաղթանակ» զբոսայգին»,- հավելեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ճարտարապետներն անդրադարձան նաև Դալմայի այգիներին հարող Մոնթե Մելքոնյան փողոցին, որտեղ շինարարություն է ընթանում:
«Հիմա այնտեղ մանկական զվարճալիքների այգի է կառուցվում, կարելի է ասել՝ «Դիսնեյլենդի» փոքր տեսակը: Լինելու է ծառաշատ: Ձախ ափին բնակելի շենք չի կառուցվում, դրանք լինելու են աջ ափին: Բայց խնդիրն այն է, որ բնակելի տարածքները, որոնք վաճառվել են, մեկը մի շենք է սարքում, սակայն չի մտածում՝ բա դրա կողքին ի՞նչ է լինելու: Ով ինչ ուզում՝ կառուցում է, չկա կառուցապատման նախագիծ»,- հայտնեց Հրաչիկ Պողոսյանը:
Ինչ վերաբերում է Խորենացու 13 հասցեում գտնվող մշակութային ժառանգության նմուշ հանդիսացող շենքի ճակատային հատվածին, որը վերջերս քանդվեց, Հրաչիկ Պողոսյանը նկատեց.
«Բոլոր գլխավոր ճարտարապետները՝ մինչև Նարեկ Սարգսյան, ձեռք չէին տալիս այդ շենքին՝ հասկանալով, որ աղմուկի բուն է, չի կարելի քանդել: Դա մասնավոր տարածք է, ունի սեփականատեր: Իսկ այն նախագիծը, որը ցույց տվեցին, դա ոչ ես, ոչ պարոն Մինասյանը չենք տեսել, այն ընդհանրապես գոյություն չունի, չգիտեմ, թե որտեղի՞ց է հայտնվել: Բայց նկատի ունեցեք հետևյալը. այդ նախագիծն արված էր ոչ թե քանդվող շենքի, այլ «Սևան» հյուրանոցի տեղում: Կարող է մի փոքր սխալ բան ասեմ, բայց ենթադրում եմ՝ ամերիկահայ գործարար Վաչե Մանուկյանը, ով գնեց «Սևան» հյուրանոցի տարածքը, հնարավոր է՝ գնել է նաև այլ տարածքներ ու ասել է՝ սա էլ քանդեք: Մի նախագիծ է գուցե պատվիրել, որը ոչ ոք չի տեսել, որովհետև դա կապված է Շահումյանի հրապարակին: «Ամերիաբանկը» կառուցեց իր բարձր շենքը, հիմա շատ կարևոր է, թե ի՞նչ կկառուցվի ձախ կողմում»:
Մկրտիչ Մինասյանն էլ ընդգծեց, որ պահպանված ֆասադն այդտեղ կառուցվող շենքի մաս պետք է կազմեր, դրա համար էին թողել:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը շինության հետ կապված հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Խորենացու 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը:
«Ի սկզբանե, 2004թ. շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում: Ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը: Հարկ է նշել, որ տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետևանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել էր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Անի Կարապետյան