Օժտված երեխայի 15 վաղ, բայց հստակ նշաններ
Երեխան կարող է օժտված լինել ստորև բերված ոլորտներից մեկում կամ մի քանիսում՝
- գեղարվեստական
- ստեղծագործական
- ինտելեկտուալ
- առաջնորդային
- ակադեմիական՝ լեզուներ, մաթեմատիկա կամ բնական գիտություններ
Կարծիք կա, որ օժտված երեխաները մանկապարտեզի ուսումնական ծրագրի 60 %-ին տիրապետում են պարապմունքների ամենաառաջին օրը։
Կարևոր է հասկանալ, որ օժտված երեխաները պարզապես խելացի չեն։ Ընդունակ երեխաները խելացի են, իսկ օժտված երեխաները՝ գյուտարար, հայտնագործող։
Պատմության մեծագույն նորարարները՝ Լեոնարդո դա Վինչին, Նիկոլա Տեսլան, Բելլը, Թոմաս Էդիսոնը, Բիլ Գեյթսը, Սթիվ Ջոբսը, օժտված երեխաներ են եղել։ Պետք է նշել, որ նրանցից ոչ բոլորը կկարողանային պարծենալ դպրոցի բարձր գնահատականներով։
Ոչ ստանդարտ մտածողությունը և նորարարության հանդեպ ձգտումը այն պատճառներն են, որոնք այլընտրանքային կրթական միջավայրը գրավիչ են դարձնում օժտված երեխաների համար։
Ահա օժտված երեխաների 15 նշանները՝
1. Նրանք խոսում են ուսուցիչների պես
Օժտված երեխաները գիտելիքներն ավելի արագ են յուրացնում, քան միջին վիճակագրական երեխաները։ Լեզվական հմտություններ յուրացնելը նույնպես նրանց հեշտ է տրվում։ Օժտված երեխաները լայն բառապաշար ունեն և կարող են իրենց խոսքում օգտագործել բարդ նախադասություններ։
2. Նրանք նկատում են հաջորդականությունները
Հաջորդականությունների բացահայտման հմտությունը բավականին հազվադեպ է զարգացած փոքր երեխաների մոտ, եթե, իհարկե, ձեր երեխան օժտված երեխա չէ։
3. Նրանք շատ են կարդում
Օժտված երեխաները անհավանական հետաքրքրասերներ են։ Իրենց հետաքրքրասիրությունը բավարարելու համար նրանք պետք է կարդան իրենց ձեռքն ընկած յուրաքանչյուր գիրք։ Այս առանձնահատկությունն առավել վառ է արտահայտվում, եթե երեխային ինչ-որ բան խիստ դուր է գալիս։
4. Նրանք շատ տաղանդավոր են
Օժտվածությունը ականավոր տաղանդը նկարագրելու ևս մեկ բառ է։ Որոշ երեխաներ ի բնե տաղանդավոր են սպորտում, գիտության կամ արվեստների բնագավառում։ Վառ արտահայտված տաղանդը օժտված երեխայի ակնհայտ նշան է։
5. Նրանք գերադասում են մեծերի ու իրենցից տարիքով ավագ երեխաների ընկերակցությունը
Օժտված երեխաների համար հետաքրքիր չէ շփվել իրենց հասակակիցների հետ, քանի որ նրանց մտավոր մակարդակը գերազանցում է նրանց գիտելիքների պաշարին։ Նրանք իրենց հասակակիցներին չեն հասկանում, կամ էլ նրանց համար հետաքրքիր չէ շփվել իրենց տարեկիցների հետ։ Դրա համար էլ նրանք կփորձեն շփվել տարիքով ավելի մեծ երեխաների, իրենց ուսուցիչների ու մեծահասակների հետ։
6. Նրանք շատ կենտրոնացած են
Օժտված երեխաների մեծ մասը կարողանում է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն իրենց հետաքրքրում է։ Ձանձրալի դասի ժամանակ օժտված երեխան կկորցնի իր այդ ունակությունը։ Դրա պատճառով սխալմամբ կարելի է մտածել, որ երեխային կենտրոնացումը դժվար է տրվում։
7. Նրանք իրենց տարիքից ավելի հասուն են
Օժտված երեխան կարող է նաև բարձր զարգացած էմոցիոնալ ինտելեկտ ունենալ։ Եթե ձեր երեխան օժտված է, դուք կարող եք նկատել, որ նրա համար հաճելի չեն իրենց հասակակիցների չարաճճիությունները։ Օժտված երեխաները սովորաբար հակված չեն նման վարքագիծ ցուցաբերել։
8. Նրանք ինքնատիպ են
Օժտված երեխաները կարողանում են նաև խնդիրներ լուծել։ Այդպիսի երեխաները ոչ միայն այլ կերպ են մոտենում ամենօրյա խնդիրների լուծմանը, այլև կարող են մտածել ինչ-որ բան բարելավելու եղանակ։
9. Նրանք առաջնորդներ են
Իրենց հասունության, խնդիրներ լուծելու կարողության, ինչպես նաև ոչ ստանդարտ մտածողության շնորհիվ օժտված երեխաները շատ լավ առաջնորդներ են դառնում։ Իհարկե, այս առաջնորդական գծերը առավել վառ կարտահայտվեն, երբ երեխան գտնվի համապատասխան միջավայրում։
10. Նրանց պետք չէ ցույց տալ ճիշտ ուղղությունը
Մինչ այլ երեխաների պետք է, որ իրենց ծնողները կամ ուսուցիչներն ասեն, թե ինչպես պետք է է ճիշտ վարվել, օժտված երեխաները միանգամից անցնում են գործի ու հետո նոր հարցեր տալիս։ Կամ առհասարակ հարցեր չեն տալիս, եթե կարողանում են ինքնուրույն ամեն բան հաղթահարել։
11. Նրանք եռանդով լի են
Օժտված երեխաները միշտ շարժման մեջ են հավանաբար այն պատճառով, որ նրանց ուղեղն անընդհատ աշխատում է։ Ուշադրություն դարձրեք, որ խելացի և օժտված երեխաները հաճախ շատ արագ են խոսում։ Այդպես է պատահում այն պատճառով, որ նրանք փորձում են այնպես անել, որ բառերը հասնեն մտքերի հետևից, սակայն դա նրանց այնքան էլ չի հաջողվում։
12. Նրանց պետք է միայնության մեջ ժամանակ անցկացնել
Ինչպես և երեխաների մեծ մասին, օժտվածներին նույնպես դուր է գալիս այլ մարդկանց հետ ժամանակ անցկացնել։ Այնուամենայնիվ միայնությունը նրանց թույլ է տալիս իրենց մտքերի հետ միայնակ մնալ ու զարգացնլ սեփական կրեատիվությունը։ Օժտված երեխաներին դուր է գալիս միայնության մեջ կարդալ, գրել ու նկարել։
13. Նրանք սիրում են բնությունը
Որոշ օժտված երեխաներ, հատկապես նրանք, ում մոտ շատ բարձր են զարգացած ստեղծագործական ունակությունները, սիրում են գեղեցիկ տեսարաններն ու բնության ձայները։ Նրանց հետաքրքրասիրությունն ամենից առաջ արտահայտվում է բնության գրկում։
14. Նրանց երբեմն չի հաջողվում իրացնել իրենց պոտենցիալը
Խելացի և օժտված երեխաները իրենց գրեթե ողջ մտավոր էներգիան ծախսում են իրենց դուր եկած բաների վրա։ Հաճախ ստացվում է այնպես, որ նրանք հաջողում են մի ոլորտում ու անհաջողության մատնվում մյուսներում։ Օժտված երեխաները երբեմն չեն կարողանում իրացնել իրենց բոլոր հնարավորությունները անուշադրության, թափթփվածության, ֆրուստրացիայի կամ սովորական ձանձրույթի պատճառով։
15. Նրանց համար հետաքրքիր է սովորել
Օժտված երեխաներին այնքան է դուր գալիս սովորելը, որ դա հոբբի է դառնում։ Իրենց մտավոր ունակությունների ու գիտելիքների նկատմամբ ձգտման շնորհիվ երեխան կարող է նույնիսկ կիսել իր հասակակիցների որոշակի հետաքրքրություններ։
Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը