«Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիում ռազմական գործողությունների մասին հայտարարությունը սպառնալիքի տարրեր է պարունակում՝ ուղղված Վաշինգտոնին». Արաբագետ
Օրերս Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը թուրքական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում նշել էր, որ Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է Սիրիայի հյուսիսում սկսել նոր ռազմական գործողություններ։ Նա ընդգծել էր, որ Թուրքիան ամեն հնարավոր բան կանի՝ դիվանագիտական գործիքների միջոցով ահաբեկիչներին ստիպելու, որպեսզի նրանք լքեն Սիրիայի հյուսիսային հատվածը, եթե հաջողությունների չհասնեն, ապա ստիպված կլինեն գործի դնել թուրքական բանակը:
Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Սիրիայում ռազմական գործողությունների վերսկսումն իրատեսական է, բայց ներկա իրողությունների պայմաններում՝ ոչ շատ կանխատեսելի։
«Ներկայում ընթանում է բավականին լուրջ, բազմակողմանի բանակցային գործընթաց՝ միաժամանակ մի քանի ուղղություններով։ Միացյալ Նահանգների նախագահի կողմից Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հայտարարությունից հետո, արդեն կլինի չորս ամիս, բավականին ակտիվ կերպով քննարկվում է այն գործընթացը, թե ինչ մեխանիզմներ են գործելու Սիրիայի հյուսիսիում՝ ԱՄՆ զորախմբի դուրս գալուց հետո։
Թուրքական կողմի նման հայտարությունները, որոնք կրում են պարբերական բնույթ, միաժամանակ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, նաև՝ սպառնալու տարրեր են պարունակում, դա առաջին հերթին նախազգուշացում է՝ ուղղված Վաշինգտոնին։ Քանի որ, եթե ամերիկյան զորախմբի դուրսբերումից հետո, անվտանգության գործընթացի ձևավորումը, որի մասին ներկայում քննարկվում է, չվստահվի թուրքական կողմին, ապա Թուրքիան կփորձի սեփական միջոցներով լուծել իր անվտանգության համար առանցքային համարվող, այսպես կոչված՝ քրդական ահաբեկչության սպառնալիքի խնդիրը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը։
Հարցին՝ բերված հանգամանքների համատեքստում, արդյո՞ք ահաբեկիչներին ձեռնտու է այս փուլում Սիրիայի հարցում ներգրավված ուժերին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, արաբագետը պատասխանեց, թե բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։
Նրա խոսքով՝ թուրքական կողմի շահարկած ահաբեկչական վտանգը բնավ էլ Սիրիայի մասով չունի ահաբեկչական նշանակություն, այն պարզապես քրդական խմբավորումների խնդիրն է, որոնց բացառապես Թուրքիան է դիտարկում՝ որպես ահաբեկչական խմբավորումներ։
«Այդ նույն խմբավորումների հետ արդեն մի քանի տարի Թուրքիան համագործակցում է, և նրանց հետ համագործակցությամբ հնարավոր եղավ, հատկապես՝ քրդաբնակ շրջաններում, չեզոքացնել իրական ահաբեկչական վտանգը, որը 2013-2014 թվականներից վերածվել էր անգամ համաշխարհային վտանգի սպառնալիքի»,- շեշտեց Ա. Պետրոսյանը։
Ըստ նրա՝ քրդերը, որոնց դեմ են ուղղված թուրքական կողմի սպառնալիքները, կանգնած են բավականին լուրջ երկընտրանքի առջև, և տևական ժամանակ է՝ տարբեր մանրևների միջոցով փորձում են լուծել իրենց անվտանգության խնդիրը։
«Ակնհայտ է, որ, եթե կենսագործվի թուրքական սցենարը, ապա այն լուրջ, անգամ՝ ցեղասպանային հետևանքներ կարող է ունենալ Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված քրդական շրջանների համար։ Հետևաբար՝ նրանք բավականին լուրջ քայլեր են փորձում իրականացնել՝ կանխելու համար նման սպառնալիքները։
Այս դեպքում նրանց մանրևելու հնարավորություններն էլ շատ սահմանափակ են, քանի որ անվտանգության գոտու ձևավորման համար թուրքական կամ Միացյալ Նահանգների սցենարի իրական այլընտրանք կարող է լինել միայն սիրիական կառավարական ուժերի հետ համագործակցությունը։ Մինչդեռ այստեղ էլ կան խնդիրներ, Սիրիայի կառավարական ուժերը համաձայն են համագործակցության, այսինքն՝ սեփական վերահոսկողությունը սահմանելու քրդաբնակ շրջաններում, բացառապես մի պայմանով, որ քրդերը կհրաժարվեն այն ինքնավար վիճակից, որին նրանք հասել են սիրիական հակամարտության ողջ ընթացքում։
Այսպիսի երկընտրանքի առջև են կանգնած, և այդ ձգձգվող գործընթացը մեծապես պայմանավորված է հատկապես՝ ԱՄՆ-ի և եվրոպական որոշ դերակատարների կողմից քրդերի անվտանգության համար լավագույն երաշխիքներ որոնելու նպատակներով»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։
Զվարթ Խաչատրյան