Առանց օրակարգի Ալիևի հետ հանդիպման առավելությունը ո՞րն է, դա թերություն է. Քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև առանց օրակարգի հանդիպման մասին
Փետրվարի վերջին Իրանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա նաև շեշտել էր, որ այդ հանդիպումն օրակարգ չունի։ ՀՀ վարչապետն ընդգծել էր, որ Ալիևի հետ նախորդ ոչ պաշտոնական հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել՝ քննարկելու Արցախի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունները։
168.am-ի հետ զրույցում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն անդրադառնալով Փաշինյան-Ալիև առանց օրակարգի հանդիպմանը՝ նշեց, որ չի պատկերացնում, թե առանց օրակարգի հանդիպման առավելությունը որն է, ավելին, դա թերություն է։
«Երբ մարդն օրակարգ ունի և գիտի, թե ինչ պետք է քննարկի, ապա այդ հանդիպմանը նախապատրաստվում է։ Օրինակ, երբ գնում եմ կիսապաշտոնական հանդիպման, նախապես ինձ համար օրակարգ եմ մշակում և տեղյակ եմ պահում տվյալ մարդուն, որ գնում եմ իր հետ այս կամ այն հարցի շուրջ խոսելու, որպեսզի երկուստեք այդ հանդիպմանը պատրաստվենք։ Մարդը պետք է բացարձակ տիրապետի տվյալ հարցին, որպեսզի պատրաստվելու կարիք չունենա, այս պարագայում չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն այդ աստիճանի տիրապետո՞ւմ է Արցախի հարցին, կարծում եմ՝ ոչ, որովհետև այնտեղ հսկայական նրբություններ կան։
Ինձ համար անհասկանալի է՝ եթե Նիկոլ Փաշինյանը չի բանակցելու Արցախի անունից, քանի որ կարծում է, որ Արցախն առանձին միավոր է, այդ դեպքում այս հանդիպման իմաստն էլ չեմ հասկանում։ Այնուհանդերձ, թող հանդիպեն, այստեղ վատ բան չկա, լավ բան էլ չկա»,- ասաց քաղաքագետը։
Հարցին՝ եթե հանդիպումն օրակարգ չունի, հնարավո՞ր է՝ Արցախի հարցում մինչ այս ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները համարվեն առոչինչ, և բանակցային գործընթացը սկսվի զրոյից, Արա Պապյանը պատասխանեց՝ դժվար թե, քանի որ Ադրբեջանի նախագահի համար միշտ օրակարգ կա, նա ամեն ինչ հստակ ասել է, այն է, որ իրենց համար ընդունելի չէ Ադրբեջանի սահմաններից դուրս՝ Արցախի որևէ կարգավիճակ։
«Ադրբեջանն այս գիծը հստակ քաշել է և դրանից այն կողմ չի գնում։ Եթե բոլոր կարգավիճակները, ինչ որ քննարկվում է՝ տարածքները տալիս ենք, չենք տալիս, շատ ենք տալիս, թե քիչ, միևնույն է՝ խոսքն այն մասին է, որ Արցախն առավելագույնը, այն էլ՝ ԼՂԻՄ-ի սահմաններում, ունենա ինքնավարություն, էհ, սրա իմաստը ո՞րն է, 1998 թվականին էլ ուներ ինքնավարություն և ավելի հզոր ինքնավարություն էր, քան այսօր կարող է։ Այստեղ դրված է ստրատեգիական խնդիր. Ալիևին պետք չէ, Ադրբեջանը չի ուզում լուծել Արցախի հարցը, սա շատ պարզ է, նրա խնդիրն է՝ լուծել Հայաստանի հարցը, Հայաստանի ոչնչացման հարցն է նրա ստրատեգիական նպատակը։ Նա պարզ ասել է, որ իրենց ստրատեգիական նպատակը Երևանի ազատագրումն է։ Իզուր ինչո՞ւ ենք ինքներս մեզ խաբում՝ տպավորություն ստեղծելով, թե չգիտենք՝ Ադրբեջանն ինչ է ուզում»,- շեշտեց Արա Պապյանը։
Հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է՝ Փաշինյան-Ալիև առանց օրակարգի հանդիպումն ուղղված լինի «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» կոչերին, և օրակարգում քննարկվեն հենց դրան ուղղված ուղիները, քաղաքագետը պատասխանեց, որ հայ ժողովուրդը խաղաղության նախապատրաստվելու կարիք չունի, քանի որ միշտ պատրաստ է։
«Եթե նայում ենք մեր ամբողջ քաղաքականությունը, ներառյալ՝ մեր փոխզիջումների բազմաթիվ համաձայնությունները, ապա այդ պատրաստակամությունը հանուն խաղաղության է։ Նույն «Մադրիդյան սկզբունքները», որոնք մենք ընդունել ենք, դա խաղաղության համաձայնություն է։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը բնավ նպատակ չունի լուծելու Արցախի հարցը, նրա ստրատեգիական նպատակն է՝ հակամարտությունը պահել Հայաստան-Ադրբեջան մակարդակի վրա և Հայաստանին միշտ ներքաշել հակամարտության, զինված մրցավազքի մեջ»,- եզրափակեց Արա Պապյանը։
Զվարթ Խաչատրյան