Բաժիններ՝

ԱԺ-ում կսկսվեն Իրան-ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագրի քննարկումները

Ազգային ժողովում առաջիկայում կսկսվեն Իրան-ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագրի քննարկումները։ Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, այն մեծ հնարավորություններ կտա ԵԱՏՄ տարածքում գործող կազմակերպությունների, այդ թվում՝ առաջին հերթին՝ Հայաստանի կազմակերպությունների՝ դեպի իրանական շուկա ավելի պարզեցված մուտքի հարցում։

«Դա հնարավորություն է նաև իրանական արտադրողների համար, որոնց համար ռուսաստանյան, բելառուսական, հայկական, ղազախական շուկաներն ամենևին երկրորդական նշանակություն չունեն, հատկապես այն պայմաններում, որում այսօր գտնվում է իրանական տնտեսությունը։ Այսինքն՝ երկու կողմերի համար կան շատ մեծ հնարավորություններ»,- ասաց Տ. Խաչատրյանը՝ նկատելով, որ ՀՀ-ն մինչ օրս Իրանի հետ  չի ունեցել պարզեցված առևտրի համաձայնագիր։

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է 300 ապրանքների։

Նախարարը նշեց, որ արևմտյան պատժամիջոցները, բնականաբար, ազդում են Իրանի հետ համագործակցության վրա, բայց կիրառվում են այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք համագործակցում են Իրանի հետ որոշակի ուղղություններով.

«Պատժամիջոցները ժամանակավոր են, համաձայնագիրը՝ երկարաժամկետ»։

Տ. Խաչատրյանը նշեց, որ ԵԱՏՄ 3 երկրներն արդեն վավերացրել են համաձայնագիրը, շուտով Հայաստանը կվավերացնի, ապա՝ 5-րդ երկիրը ևս, և նաև Իրանը կվավերացնի։ Նրա խոսքով՝ հաջորդ համաձայնագիրն Իրանի հետ կզրոյացնի մաքսատուրքերը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս