Ինչով էր պայմանավորված Բաքվում Վրաստանի նախագահի ադրբեջանահաճո հայտարարությունը

«Զուրաբիշվիլիի ադրբեջանահաճո հայտարարության պատճառները մի քանիսն են»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով օրերս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արած որոշ հայտարարություններին և հայ-վրացական հարաբերություններին։

Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը: Օրերս ադրբեջանական «Զագուլբա» նախագահական պալատում Վրաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել էին Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության հիմնական առաջնահերթությունները:

«Մեր երկրները բարեկամության մեծ պատմություն ունեն, մեզ շատ ավանդույթներ են կապում, մենք ժամանակակից կյանքը միասին ենք սկսել: Հարյուր տարի առաջ մենք միասին անկախություն ձեռք բերեցինք, միասին էլ վերապրեցինք դրա կորուստը… Վերջին տարիներին մենք համանման դժբախտություններ ենք վերապրել»,- ասել էր Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլին հաղթանակ էր համարել այն, որ չնայած «օկուպացված տարածքների պատճառած դժբախտություններին», երկու պետությունները կարողացել են զարգացնել սեփական տնտեսությունը և պահպանել անկախությունը: Ալիևն իր հերթին՝ կարևորել է Զուրաբիշվիլիի պաշտոնական այցն Ադրբեջան՝ վստահություն հայտնելով, որ դա կարևոր քայլ է երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:

«Ադրբեջանն ու Վրաստանը մտերիմ բարեկամներ ու եղբայր պետություններ են, որոնք դարեր ի վեր աշխատում են բարիդրացիական մթնոլորտում: Մեր հարաբերությունները զարգանում են, մենք համատեղ ծրագրեր ենք իրականացնում, որոնք կարևոր են մեր երկրների և մայրցամաքի համար»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:

Զուրաբիշվիլիի «օկուպացված տարածքների» վերաբերյալ ադրբեջանահաճո ձևակերպումն ուշադրության էր արժանացել ԶԼՄ-ների ու փորձագիտական հանրության շրջանակներում՝ շատերի կողմից որակվելով խիստ հակահայկական։

Կախա Գոգոլաշվիլին փորձեց մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված Վրաստանի նախագահի ադրբեջանամետ որակումները և վրացական հակամարտությունների նույնացումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։

Նրա խոսքով՝ նման որակում, որը կարող է խնդրահարույց դիտարկվել Հայաստանի Հանրապետության համար, Վրաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից առաջին անգամ է լսում։

Բայց, ըստ նրա, այս հայտարարությունն ունի մի քանի ասպեկտ. նախ՝ Վրաստանը նախագահական երկիր չէ, ուստի նախագահը չունի այն դիրքն ու կշիռը, ում հայտարարությունները կարող են ազդել երկկողմ հարաբերությունների վրա, մյուս հանգամանքն այն է, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում չկա վստահության բարձր մակարդակ, և այս դիտարկումն Ադրբեջանում կարելի է որակել՝ որպես վրաց-ադրբեջանական հարաբերություններում դրական մթնոլորտն ընդլայնելու չստացված փորձ։

Սակայն, նրա խոսքով, խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում հաճախ ԱԳ նախարարի պարտականությունները սկսում է կիսել նախագահը, ուստի հայտարարությունները, որոնք վերաբերում են գործընկերներին, պետք է խորապես մտածված լինեն։

«Հայ-վրացական ներկայիս հարաբերությունները համակարգում են վարչապետները։ Դրանք միանշանակ կարելի է որակել բարիդրացիական։ Կա փորձ՝ ավելի խորացնել հարաբերությունները։ Կարելի է հիշել Հայաստանի և Վրաստանի վարչապետների շփումները, և ամենավերջինը, որը ոչ պաշտոնական բնույթ էր կրում և դրական համագործակցության մասին փաստում։ Բնականաբար, Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս կոնֆլիկտային բնույթը և օկուպացված տարածքների հարցը Վրաստանի արտաքին քաղաքական կյանքի առաջնային հորիզոնականներն է զբաղեցնում իր կարևորությամբ, և ղեկավարներն առիթը բաց չեն թողնում դրանց մասին խոսելու համար, երբ կա հարմար առիթ։

Սակայն Հայաստանի դեպքում միշտ հաշվի է առնվում հարցի զգայունությունը։ Տվյալ հայտարարությունն անհեռատես հայտարարություն էր և չի արտահայտում Վրաստանի իշխանության իրական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Թեև ես կարծում եմ, որ հարցը կպարզաբանվի դիվանագիտական խողովակներով կամ Զուրաբիշվիլիի ՀՀ կատարելիք առաջիկա այցի ընթացքում»,- ասաց վերլուծաբանը։

Նշենք նաև, որ Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունից վրացական ԶԼՄ-ներից մեկին հայտնել են, որ Վրաստանի նախագահի այցը ՀՀ պլանավորված է մարտին, մանրամասները, սակայն, դեռ հայտնի չեն: Նախագահի կարգավիճակում սա կլինի Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին այցը Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս