Բաժիններ՝

«Արդեն երրորդ անգամ ենք նման ծրագիր անում, փող լվանալու տեղը լավ էլ գտել են»

Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, որ այս տարվանից պետք է Կառավարությունը ներդնի գյուղացիական ապահովագրության պիլոտային ծրագիր։ «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ «լկտիաբար ստում են»՝ ասելով, թե Հայաստանում առաջին անգամ է ներդրվելու գյուղացիական ապահովագրություն։

«1999-2000 թվականներին Եվրոպական Միությունը Հայաստանին տրամադրել էր 2 մլն եվրո՝ ապահովագրական գործակալություն ստեղծելու համար։ Սակայն երեք ամիս հետո այդ գործակալությունը լուծարվեց, քանի որ հայտարարեցին սնանկ, 2 մլն եվրոն էլ կորավ։ Հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե չի հասկանում՝ ինչու է կարկուտն այնտեղ եկել, որտեղ ապահովագրված է։ Այսինքն՝ Գյուղատնտեսության այսօրվա նախարարի պաշտոնակատարն իրենց նախարարության պատմությունը թող լավ իմանա, հետո խոսի, այ մարդ, պատմությունն էլ չգիտեն»,- նշեց Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով գյուղացիական ապահովագրության համակարգի արդյունավետությանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարման օրոք նույն նպատակով բյուջեից դուրս է գրվել 350 մլն դրամ, սակայն, չգիտես ինչու, այդ գումարն էլ անհայտացավ, ու աշխատանքներ տեղի չունեցան։

«Մարդիկ, որոնք այսօր վարչապետի խորհրդականներն են, իրենց «քառակուսի» գլուխներով համոզել են, որ պիլոտային ծրագիր պետք է անեն, այսինքն, եթե հաշվենք, արդեն երրորդ անգամ ենք նման ծրագիր անում, փող լվանալու տեղը լավ էլ գտել են»,- շեշտեց նա։

Ըստ Հրաչ Բերբերյանի, եթե Հայաստանը ներդնում է գյուղապահովագրության պիլոտային ծրագիր, պետք է ապահովի բույսերի անթերի պաշտպանություն, անասնաբուժություն, հակակարկտային բարձր որակի ծառայություն և ոռոգման համակարգի բարձր որակի սպասարկում։

«Եթե այս պահին նշածս ծառայություններից գոնե մեկը չունենք, արդեն ռիսկայնությունը շատ բարձր է։ Այսինքն՝ պետք չէ մասնագետ լինել, որպեսզի հասկանան, որ, եթե այս ամենը չունեն, ապա ապահովագրական ծրագիրը ձախողվելու է։ Մենք դեռ 2-3 տարի առաջ մեր ապահովագրական ընկերությունների հետ այս հարցը քննարկեցինք, նրանք նշեցին, որ ցույց տանք մի տարածք, որտեղ հիվանդություն չկա, և իրենք կսկսեն ապահովագրել խոշոր կամ մանր եղջերավոր անասուններին։ Բայց որ տարածքը նայում էինք՝ հիվանդություններ կային։ Մեր «քաջարի» պետական այրերին հարց եմ տալիս, եթե իմ նշած ծառայություններից որևէ մեկը չեն կարողանում ապահովել, ի՞նչ գործակալություն ստեղծելու մասին է խոսքը, թե՞ ուղղակի ուզում են գյուղացու անվան տակ էլի գումարներ վերցնեն, սա արդեն ծիծաղելի է»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս