«Եթե չնչին թուլություն լինի, ապա հավատացնում եմ, որ հակառակորդը վայրկյան անգամ չի վարանի դրանից օգտվելու համար». Դավիթ Բաբայան
«Մենք բազմիցս այս հարցին անդրադարձել ենք, այս տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահը Դուշանբեի, այնուհետև՝ մի շարք հանդիպումներում պայմանավորվածություն են ձեռք բերել` թուլացնելու սահմանների երկայնքով լարվածության աստիճանը։ Դրանից հետո խախտումների քանակը կտրուկ նվազել էր թե՛ արցախաադրբեջանական, թե՛ հայ-ադրբեջանական սահմանում։ Սա փաստ է, որի մասին բազմիցս նշել ենք և կարևոր ենք համարել այդ պայմանավորվածությունները, քանի որ դրա արդյունքում փրկվում են մարդկային կյանքեր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Նշենք, որ Թ. Պողոսյանը, մասնավորապես, գրել էր. «Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։ 2018թ. ամառվա զորակոչից ավելի քան 6 ամիս է անցել: Այժմ ունենք մի իրավիճակ, երբ 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկներին վառոդի հոտն անգամ անծանոթ է, քանի որ չունեն հակառակորդի կրակոցիներին պատասխանելու փորձ: Իսկ անփորձությունը միշտ վախ է ծնում: Հուսով եմ՝ մեր բանակում «վախ չափելու» գործիք կա, այլապես հասկանում եք, թե ինչ իրավիճակ կստեղծվի անփորձության հետևանքով»։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ հրադադարը չխախտելու պայմանավորվածությունը ողջունելու և կարևորելու հետ մեկտեղ՝ միշտ նշել են, որ սա իրավիճակի միայն մեկ հարթությունն է, մինչդեռ իրավիճակը պետք է դիտարկվի համապարփակ ձևով։
«Իսկ այլ հարթություններում Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց, ահաբեկչական և նացիստական քաղաքականությունը՝ դիվանագիտական, քաղաքական, ռազմական-տեղեկատվական հարթություններում, որի մասին նույնպես մշտապես խոսել ենք։ 2018 թվականին նրանց զորավարժությունները քանակով և ընդգրկվածությամբ աննախադեպ են եղել, իսկ այս տարի՝ 1-2 օր առաջ, ադրբեջանական ստորաբաժանումները Թուրքիայում մասնակցել են լայնամասշտաբ զորավարժությունների, այդ թվում՝ մեծածավալ ինժեներական աշխատանքներ են կատարում սահմանի տարբեր հատվածներում» ,- ասաց Դավիթ Բաբայանը։
Նա վստահեցրեց, որ այս ամենին զուգահեռ՝ հայկական կողմը նույնպես իրականացնում է համապատասխան քայլեր՝ ուժեղացնելով անվտանգությունն ու պաշտպանողականությունը։ Ավելին, եթե պահպանվում է խաղաղությունն ու կայունությունը, ապա, Դ. Բաբայանի խոսքով՝ սա նաև հայկական զինված ուժերի շնորհիվ է, որն ամուր կանգնած է իր դիրքերում։
«Եթե չնչին թուլություն լինի, ապա հավատացնում եմ, որ հակառակորդը վայրկյան անգամ չի վարանի դրանից օգտվելու համար»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ այս պարագայում հնարավո՞ր է ժողովուրդներին խաղաղության պատրաստելը և Ադրբեջանի հետ կողք կողքի խաղաղ ապրելը, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ որպես անկախ պետություններ և հարևաններ՝ պետք է միմյանց կողքին խաղաղ ապրեն։
«Սա մեր երազանքն է, վերջապես ո՛չ մենք ենք գնալու Մարս, ո՛չ էլ իրենք։ Այլ հարց է, թե ինչ է նշանակում՝ հասարակություններին պատրաստել խաղաղության, այստեղ միայն մեկ հասարակության պետք է պատրաստեն խաղաղության՝ Ադրբեջանի հասարակությանը։ Որովհետև Ադրբեջանում ողջ հասարակությունը ներթաթախված է հայատյացությամբ՝ սկսած Ալիևից, վերջացրած մսուր-մանկապարտեզի սանից։ Հայատացությունը նրանց այնքան են սրսկել, որ, իհարկե, պետք է պատրաստեն խաղաղության։ Իսկ սա նշանակում է, որ նրանք պետք է հրաժարվեն իրենց նացիզմից, հասկանան, որ Արցախն անկախ պետություն է։
Մենք կարող ենք լինել լավ հարևաններ, բայց երևիցե չենք լինելու նրանց ստրուկը, չենք եղել և չենք լինելու։ Սա երկարատև գործընթաց է, հետևաբար՝ ամեն ինչ պետք է սկսեն մանկապարտեզներից, եթե սա չլինի, ապա ամեն ինչ շատ դժվար է լինելու։ Չկա կախարդական փայտիկ, որով ամեն ինչ մեկ վայրկյանում կփոխենք, պետք է լինի մեծ «կոպալ», որը միջազգային հանրությունն իր ձեռքին կպահի և ցանկացած պահի թույլ չտա նացիզմի ցանկացած դրսևորում»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է Թևան Պողոսյանի գրառման երկրորդ հատվածին, որը վերաբերում է նորակոչիկների անփորձությանը, Դավիթ Բաբայանը նկատեց. «Թ. Պողոսյանն իմ ընկերն է, նրան հարգում եմ, բայց ուզում եմ հավաստիացնել, որ մեր բանակի մարտունակությունն ու ոգին միշտ բարձր է՝ անկախ այն հանգամանքից՝ լինո՞ւմ են կրակոցներ, թե՞ ոչ։ Կրկնում եմ, եթե մեր բանակում մի փոքր թույլ լինեին, ապա հակառակորդն անմիջապես դրանից կօգտվեր»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Զվարթ Խաչատրյան