«Շատ հետաքրքիր է, որ գումար չկա, բայց 12 մլն տալիս են թատրոնի պատուհանները փոխելու համար…»
Հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը վերականգնելու համար Գյումրու քաղաքապետարանը հատկացնելու է 1 մլն դրամ. այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը։
Նշենք, որ Մինաս Ավետիսյանի «Գիշեր», որմնանկարը գտնվում է Գյումրիի «Օմեգա» կիսավեր գործարանում, որը փլուզման եզրին է, իսկ որմնանկարի գոյությունը՝ վտանգված։
Որմնանկարը տարիներ առաջ ընդգրկվել է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, այն ներառված է եղել նաև վերականգնվող հուշարձանների ցանկում։
Որմնանկարի վերականգնման հետ կապված՝ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ պետությունը բավարար միջոցներ չունի, այդ պատճառով էլ պետք է հիմնադրամն ակտիվ համագործակցի մասնավոր հատվածի հետ, որպեսզի Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը փրկի ոչնչացումից։
«Գյումրու քաղաքապետարանի կողմից հատկացված 1 մլն դրամը շատ կարևոր է մեզ համար, քանի որ այստեղ բարոյահոգեբանական խնդիր կար։ Անդրադառնալով Մշակույթի փոխնախարարի հայտարարությանը՝ ասեմ, որ վերջերս, երբ Լիլիթ Մակունցը դեռ նախարար էր, շուրջ 12 մլն դրամ էին փոխանցել, որպեսզի փոխեն Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պատուհանները։ Շատ հետաքրքիր է, որ գումար չկա, բայց 12 մլն տալիս են թատրոնի պատուհանները փոխելուն…
Բացի այդ, ասեմ, որ Մշակույթի նախարարությունն այդքան մեծ գումար չի տրամադրել որմնանկարները վերականգնելու համար, այլ տրամադրել է Կառավարությունը, Էռնեկյանը, ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող ծրագիրը, և այլն։ Հայտարարություն անելուց առաջ թող Մշակույթի նախարարությունը տեղեկանա, որ այդքան մեծ գումար երբեք չեն տրամադրել»,- նշեց Արման Ավետիսյանը։
Նա հույս ունի, որ որմնանկարի համար պահանջվող գումարի մի մասը կհավաքեն հանգանակությունների միջոցով։ Այդ նպատակով նամակներ են պատրաստում, որպեսզի ուղարկեն ԱՄՆ՝ տեղի հայկական համայնքում նույնպես հանգանակություններ անելու նպատակով։
«Որոշակի գումար պետք է հավաքենք ու նախնական աշխատանքներն անենք, չենք կարող որոշ բաներ անել ու կիսատ թողնել։ Այս պահին հիմնադրամն իր հաշվին կամրակայի որմնանկարը, որպեսզի ներքին շերտը չթափվի»,- շեշտեց Ա. Ավետիսյանը։
Ինչ վերաբերում է որմնանկարը տեղափոխելուն, նա նկատեց, որ տեղափոխման լավագույն վայրը Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարանն է։
«Եթե Գյումրիում այլ հարմար վայրեր կան, խնդրեմ, թող ասեն, քանի որ որմնանկարն այդքան էլ մեծ չէ, և չափերի հետ խնդիրներ չեն լինի։ Որմնանկարի վերջնական վերականգնումը սովորաբար լինում է այնտեղ, որտեղ պետք է այն տեղադրվի»,- եզրափակեց Արման Ավետիսյանը։
Զվարթ Խաչատրյան