Բաժիններ՝

«Եթե մենք 35 մլն դրամ տանք ու վերականգնենք Մինասի որմնանկարը, իսկ Մուրադյանի ու մյուսների որմնանկարներն ինչո՞վ վերականգնենք». Մշակույթի փոխնախարար

Դեռևս  փետրվարի սկզբին տեղեկացրել էինք, որ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը, որը գտնվում է Գյումրիի կիսավեր «Օմեգա» գործարանում, գտնվում է ոչնչացման եզրին։ Որմնանկարը տարիներ առաջ ընդգրկվել է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, ավելին, այն ներառված է եղել նաև վերականգնվող հուշարձանների ցանկում։

168.am-ը ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանից հետաքրքրվեց, թե Մինաս Ավետիսյանի որմնանկարը վերականգնելու ուղղությամբ նախարարությունը որևէ քայլ իրականացնո՞ւմ է, թե՞ ոչ։

«Մինաս Ավետիսյանի որմնանկարներից չորսն այս ընթացքում վերականգնվել  է, որոնցից երկուսը տեղափոխվել է Կառավարության շենք, երկուսը՝ «Զվարթնոց» օդանավակայան։

«Թել են մանում» որմնանկարի համար ծախսվել է 30 մլն դրամ, «Երկունքի» համար՝ 22 մլն դրամ, վերականգնված որմնանկարների շարքում է նաև Ջաջուռում՝ «Թորոս Ռոսլինի ծնունդը»։ ՀՀ մշակույթի նախարարությունն այս առումով բավարար ուշադրություն ցուցաբերել է Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների նկատմամբ։ Քանի որ Մինասի որմնանկարները վերականգնվեցին պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում, և դրանք տեղափոխվեցին Երևան՝ Կառավարության շենք և «Զվարթնոց» օդանավակայան, գյումրեցիները մեծ բողոքի ալիք բարձրացրեցին՝ նշելով, որ ամեն ինչ կենտրոնացնում ենք Երևանում։ Իհարկե, այս մեղադրանքների մեջ որոշակի ճշմարտություն կա, բայց պետք է հասկանանք, որ չտեղափոխելը բերելու էր դրանց ուղղակի անհետացմանը»,- ասաց Տիգրան Գալստյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ հուշարձանները վերականգնելու համար Մշակույթի նախարարությանը հատկացվել է 250 մլն դրամ, ուստի, եթե հաշվի առնեն այն հանգամանքը, որ Հայաստանում կա 25 հազարից ավելի գրանցված հուշարձան, ապա այդ գումարով նույնիսկ հնարավոր չէ վերականգնել ամբողջությամբ մեկ վանական համալիր։

«Նման քիչ հատկացում ունենք, քանի որ երկրի բյուջեն մեծ չէ, եթե տնտեսական վիճակը զարգանա, բնականաբար, բյուջեն էլ կաճի։ 290 մլն դրամը փորձում ենք խելամիտ օգտագործել և ծախսել այն հուշարձանների վրա, որոնք չվերականգնելու դեպքում հետևանքները կարող են աղետալի լինել։ Կարծում եմ՝ Մինաս Ավետիսյանի որմնանկարը վերկանգնելու համար պետք է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը փորձի գտնել բարերարներ և պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում լուծել հարցը։ Հիմնադրամն այստեղ մեծ գործ ունի անելու, միայն պետության վրա թողնելով՝ հարցը չի լուծվի։ Եթե մենք այժմ 35 մլն դրամ տանք ու վերականգնենք Մինասի որմնանկարը, իսկ Մուրադյանի ու մյուսների որմնանկարներն ինչո՞վ վերականգնենք։

Ես մի գաղափար ունեի, որի մասին չէի բարձրաձայնում, բայց քանի որ այժմ Մինասի որմնանկարների հետ կապված այս աղմուկը բարձրացավ, պետք է ասեմ։ Քանի որ Էդուարդո Էռնեկյանը նախատեսել էր գնել Գյումրիի օդանավակայանը, մտածում էի՝ բանակցենք նրա հետ, որպեսզի Մ. Ավետիսյանի որմնանկարը տեղափոխվի օդանավակայանի շենք։

Այսինքն՝ նախ պետք է գտնվի տարածք, որտեղ կարելի է տեղափոխել որմնանկարը, այնուհետև մտածել վերականգնելու մասին։ Եթե այդ քանդված գործարանում վերականգնենք որմնանկարը, ի՞նչ երաշխիքներ կան, որ այն կպահպանվի։ Այս պահին միակ խելամիտ տարբերակը Գյումրիի օդանավակայանի շենքն է»,- շեշտեց Տիգրան Գալստյանը։

Տիգրան Գալստյանի խոսքով՝ լավ կլիներ, եթե Գյումրիում ստեղծվեր թանգարան, որտեղ հավաքված կլինեին ոչ միայն Մինաս Ավետիսյանի, այլև հայ մեծանուն նկարիչների որմնանկարները։

«Մենք ունենք Իտալիայից և Բելգիայից որմնանկարների մասնագետներ, որոնք եկել են Հայաստան և անվճար հիմունքներով վերականգնում են որմնանկարները, նրանք հիացած են, ասում են, որ Հայաստանում 4-5-րդ դարերից մնացած այնպիսի որմնանկարներ կան, որ Իտալիայում 14-15-րդ դարերում նոր միայն սկսել են այդ մակարդակի որմնանկարներ անել։ Այսինքն՝ որմնանկարչությունը մեր մշակույթի զարգացած և ներկայանալի ճյուղերից մեկն է։

Այստեղ մեկ բան եմ ուզում նշել, որ մեզ մոտ որմնանկարները վերականգնելու համար մասնագետներին միշտ բերում են Իտալիայից և Բուլղարիայից, չնայած այն հանգամանքին, որ մենք որմնանկար վերականգնող մասնագետներ ունենք։ Ամեն անգամ այդ մասնագետներին բերելու համար պահանջվում են մեծ ծախսեր, հետագայի համար ավելի ճիշտ կլինի, եթե այդ գումարը մենք տրամադրենք տեղի մասնագետների վերապատրաստման համար, այլ ոչ թե դրսից հրավիրենք»,- ընդգծեց Տ. Գալստյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս