
Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ մոտեցումները ԼՂ խնդրի կարգավորման հարցում

Փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
ՀՀ ԱԳ նախարարի և համանախագահների քննարկումների առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերը:
Համանախագահներին, մասնավորապես, հետաքրքրում էին հունվարին Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասները :
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ինչպես նաև կարգավորման գործընթացի համար նպաստավոր մթնոլորտի կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գործընթացի շրջանակներում հետագա քայլերի և հանդիպումների շուրջ: