«Ափալ-թափալ» փոփոխությունները երբեք լավ բանի չեն բերել»». Արծվիկ Մինասյանը՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին

ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանի խոսքով՝ հասկանալու համար, թե այս կամ այն նախարարության անհրաժեշտությունը կա՞, թե՞ ոչ, նախ՝ պետք է հստակեցվի, թե ի՞նչ պարտականություն ունի պետությունը, և, ի դեմս կառավարության գործադիր գործառույթների՝ ի՞նչ լիազորություններ ունի հասարակական կյանքի ոլորտում։

«Այս պարտականությունից է, որ պետք է բխի, թե ինչ լիազորություններ պետք է ունենա կառավարությունը, որից հետո պետք է որոշվի, ըստ կարգավիճակի, թե ինչ մակարդակով կարելի է այդ լիազորություններն իրականացնել՝ պետակա՞ն, թե՞ ոչ։ Այս լիազորությունների գործառույթների  բաշխումը պետք է իջնի ներքև, որպեսզի որոշվի՝ այդ գործառույթները լիարժեք իրականացնելու համար ինչ մասնագիտությամբ աշխատող է պետք, ինչ ծանրաբեռնվածությամբ աշխատաժամեր և ինչ արդյունքների համար, որից հետո նաև կորոշվի, թե ինչ հաստիքային կազմ պետք է ունենա նախարարությունում։ Միայն այս ամենից հետո պետք է քննարկվի՝ այդ գործառույթները մեկ նախարարություն կարո՞ղ է անել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ։

Ըստ նրա, ցանկացած ժամանակ էլ կրճատումներով ոլորտի արդյունավետությունը բարձրացնելն արդիական է, սակայն սա չի կարող գործել նախարարությունների դեպքում։

Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ տեղին չեն այն հիմնավորումները, թե նախարարությունները կրճատում են, քանի որ դրանց գործառույթները կրկնվում են։

«Օրինակ բերենք բարձր Տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը. որքան էլ բարձր տեխնոլոգիաները լինեն առաջնային, դա էկոնոմիկայի գործառույթն է։ Հիմա հարց եմ տալիս՝ ի՞նչ կրկնություն կա Էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարության միջև, գիտե՞ն հստակ տարբերակումը։ Կամ՝ Սփյուռքի նախարարության պարագայում, ինչպե՞ս կարելի է հանձնակատարի կարողությունը համեմատել նախարարի լիազորությունների հետ, չէ՞ որ նախարարի պաշտոնը քաղաքական է և Կառավարության վերաբերմունքն է սփյուռքի հետ հարաբերություններում։ Փոխարենն այս համակարգին բովանդակություն հաղորդեն, վերցնում են ու փակում, քանի որ լավ չեն գնահատում Սփյուռքի նախարարության աշխատանքը։ Մեր առաջարկը շատ պարզ է՝ ձեռնպահ մնալ այս փոփոխություններից, փորձել վերլուծել, գալ հանրային քննարկման, որից հետո ներկայացնել փոփոխություններ։ «Ափալ-թափալ» փոփոխությունները երբեք լավ բանի չեն բերել, բացի բացասական կողմերից»,- շեշտեց Ա. Միասյանը։

Գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ Արծվիկ Մինասյանը նույնպես չի տեսնում որևէ կրկնություն այս կամ այն նախարարության հետ։

«Այս հսկայական ոլորտը վերցնել և բերել էկոնոմիկա, որպես նախկին նախարար՝ համարում եմ անարդյունավետ, դրանից գյուղատնտեսական քաղաքականությունը միայն կտուժի։ Անրաժեշտ է, որ Գյուղնախարարությունն ավելի ուժեղացվի, այլ ոչ թե մեխանիկորեն միավորվի»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս