Տեղեկատվություն տրամադրելու մերժումը չարաշահվում է պետական համակարգում
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնին» չի բավարարում հարցումների նկատմամբ պետական գերատեսչական կառույցների վերաբերմունքը, որն արտահայտվում է լրատվամիջոցների, քաղաքացիների, շահառուների և քաղհասարակության հետ աշխատանքով:
Եվ այս մասով կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն ընդգծում է նախարարություններում վարչարարական մեխանիզմների թերի կողմը, որոնք խոչընդոտում են լրագրողներին՝ ազատորեն տեղեկտվություն ստանալու իրավունքից օգտվելիս: Շ. Դոյդոյանի խոսքով՝ նախարարություններում քիչ է լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, այս փոքր աշխատակազմը զինված չէ գործառույթներով, շնորհիվ որի՝ իրավասու կլինի պատասխանել նախարարության և պաշտոնատար անձանց առնչվող ցանկացած հարցի, կամ հանրային սեկտորից եկող հարցումներին տալ արագ և ամբողջական պատասխան: Լրատվության բաժնի համար մեծածավալ աշխատանք է ենթադրվում հատկապես այն գերատեսչություների դեպքում, երբ կան ենթակա կառույցներ, որոնք ծառայություն են մատուցում: Մասնագետը համաձայն է, որ՝ այո, հեղափոխությունից հետո որոշակի տրանսֆորմացիայի արդյունքում պետական պաշտոնյաների համար կիրառելի է սոցիալական ցանցերի ռեսուրսը, բայց դա ևս, մասնագետի խոսքով, բավարար չէ, քանի որ այս գործիքակազմից օգտվելը կարգավորված չէ օրենսդրական մակարդակում:
Նրա դիտարկմամբ՝ խնդիրն ավելի է խորանում լրատվամիջոցների այսօրվա քանակի հանգամանքի պատճառով: Ուստի, իրավիճակից դուրս գալու ելքը նա տեսնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ ՄԻՊ-ին, առանձին ստորաբաժանումով կցելու մեխանիզմի մեջ: Մասնագետը հակված է տեղեկատվություն ստանալու քաղաքացու և լրագրողի իրավունքն ամրագրել մի նոր իրավական հարթության մեջ: Մասնավորապես, առաջարկվում է անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախադեպից ելնելով՝ ստեղծել մի նոր կառույց, որին կտրվեն վարչական ազդեցիկ լծակներ, վերահսկման մեխանիզմներ, պետական համակարգին հարկադրելու և տուգանքներով պատժելու գործառույթներ:
Նախադեպը կա Կանադայում և Գերմանիայի Դաշնությունում: Իսկ գաղափարի շուրջ քննարկումները «Տեղեկատվության ազատության կենտրոնը» սկսեց այսօր՝ դահլիճներից մեկում հրավիրած հանդիպում-քննարկման շրջանակներում: Հանդիպմանը մասնակցում էին տեղեկատվություն տրամադրող և ստացող շահագրգիռ բոլոր կողմերը՝ պետական գերատեսչական կառույցների լրատվական ծառայության ղեկավարներ, ԶԼՄ խմբագիրներ, իրավաբաններ ու ոլորտի տեղական և միջազգային փորձագետներ:
Բյուրոկրատական քաշքշուկների դեմ «հրահրվող արշավին», ըստ էության, միացան մասնակից բոլոր կողմերը: Մասնակի դեպքերում քննարկման առանձին նյութ էին դառնում այն դեպքերը, երբ պահանջված ինֆորմացիան համարվում է անձնական, ազգային անվտանգությանն առնչվող կամ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն և մերժվում է տրամադրել: Լրագրողները թվարկեցին տեղեկատվություն ստանալու հարցման մի քանի դեպք, երբ անձնական տվյալների գաղտնիության շղարշով են քողարկել դրանց տրամադրելու մերժումը: Մերժվում են՝ «առևտրային», «ազգային», «պետական գաղտնիք» կամ «անձնական տվյալ» ձևակերպումների ետևում թաքցվելով, մասնավորապես, օրինակ բերվեց Ջրային կոմիտեի դեպքում առևտրային գաղտնիք վկայակոչելով՝ տեղեկատվություն տրամադրելու մերժման մի դեպք: Ոլորտի փորձագետներից մեկը հորդորեց այսպիսի լղոզված պատասխանները չընդունել ի գիտություն, քանի որ օրենսդրությունն այս «գաղտնիքների մասով» շատ լայն է մեկնաբանում, ուստի մանևրելու շանսերը շատ են:
Հիշատակվող զանազան դեպքերով՝ բանավեճը ծավալվում էր հիմնականում երկու ուղղություններով՝ արդյո՞ք տեղեկատվություն տրամադրող մարմինը չի չարաշահում համապատասխան ձևակերպման կիրառելիության իրավունքը, մանավանդ, երբ գործ ունեն հանրային գերակա շահի հետ: Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ շարունակում է օդում կախված մնալ հարցը՝ օրենքի գերակայությունը չարաշահվո՞ւմ է այն դեպքերում, երբ դժվարանում է լրագրողի աշխատանքում գնահատել տեղեկատվությունն ընկալել մասնավոր շահի և հանրային շահի հավասարակշռության տեսանկյունից: Միջոցառման մասնակիցներն արտերկրից հրավիրված հյուրից ակնկալվող խորհրդատվությամբ փորձում էին հասկանալ՝ նախարարի տիկնոջ ահռելի ծախսերի մասին գրելը պետք է հանրային շահի՞ տեսանկյունից դիտարկել, թե՞ մասնավոր շահի, կամ նույն բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների թեման, որը սկզբում փորձ արվեց քողարկել՝ անձնական տվյալների մասին օրենքին հղում անելով:
Միջազգային փորձագետ Թոբի Մենդելը հնչած օրինակներով արձանագրեց, որ հայկական իրականության մեջ օրենսդրական դաշտում բարեփոխումների անհրաժեշտություն կա, կարիք կա պաշտոնյաների հմտությունների ու կարողություների զարգացման ուղղությամբ աշխատել: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունն իր հերթին՝ պիտի շահագրգռված լինի կառավարման թափանցիկությունն ապահովել, որպեսզի իր արտադրած տեղեկատվության սպառողը լրացուցիչ աշխատանքով նորից չծանրաբեռնի իրեն:
Արդյունքում տուժում է լրատվամիջոցների օպերատիվ աշխատանքը, վերջնարդյունքում՝ քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքն է ստորադասվում:
Իսկ Գերմանիայի և Կանադայի օրինակով գործառնական անկախ մարմնի ստեղծումը կօգնի լրագրողներին ունենալ լայն իրավասությունների շրջանակ, և հետևապես՝ պաշտպանված կլինի նրանց՝ տեղեկատվություն ստանալու և ինֆորմացիայի սպառողի իրավունքը: Նշենք, որ անկախ մարմին ձևավորելու գաղափարն «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կողմից շուտով փաստաթղթի տեսքով կներկայացվի հանրային քննարկման, որպեսզի հետագայում օրենսդրական մշակում ստանա:
Սյուզի Բադոյան