«Կառավարության ծրագրի ներկայիս տեսքը բազմավեկտոր կոչել հնարավոր չէ»

ՀՀ կառավարությունը փետրվարի 8-ի արտահերթ նիստում ընդունեց արդեն իսկ հրապարակված հնգամյա ծրագիրը` ուղարկելով այն Ազգային ժողով հաստատման։ Չնայած այն հանգամանքին, որ քննարկվում է այս ծրագրի հատկապես տնտեսական բլոկը՝ հաշվի առնելով իշխանության պնդումները, որ այս ծրագրով հռչակվել է տնտեսական հեղափոխության հայեցակարգը, արտաքին քաղաքականությանը նվիրված հատվածը պակաս կարևոր և ուշագրավ չէ՝ նկատի ունենալով Հայաստանի բարդ աշխարհագրությունը ու գերճկուն արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը:

ՀՀ կառավարության ծրագիրը ներառում է 8 բաժին, որոնց շարքում արտաքին քաղաքականությունը երկրորդ հատվածում է.  «Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր)»: Ըստ ՀՀ կառավարության` արտաքին քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվելու է Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահերով: Ծրագրում Կառավարությունն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակում ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման մասին, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններ են ներկայացված:

ԼՂ հիմնահարցի առնչությամբ ծրագրում նաև ասվում է. «Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։ Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»: Ծրագրի համաձայն, Կառավարությունն ակտիվորեն աշխատելու է՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ուղղություններով:

«ՌԴ-ի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը ՌԴ-ի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը դիտարկում է՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ»,- ասվում է ծրագրում:

Կա անդրադարձ նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին. «ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու և տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ»: Կառավարության ծրագրից դուրս չի մնացել նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման հարցը, որը, ըստ իշխանության, դիտվում է՝ որպես Հայաստանի զարգացմանն ուղղված Կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն։

Առանձին կետով ՀՀ Կառավարության ծրագրում անդրադարձ կա Հայաստանի հարևաններին` ՀՀ-ն քայլեր է ձեռնարկելու Իրանի և Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից: Կառավարությունն անդրադարձել է նաև Չինաստանի հետ բարեկամական հարաբերություններին, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ փոխշահավետ փոխգործակցությունը զարգացնելուն ու խորացնելուն: Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը նաև նպատակ ունի ընդլայնել փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի գործընկեր երկրների հետ:

ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրի հրապարակումից անմիջապես հետո փորձագիտական և քաղաքական շրջանակներն ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ հայ-թուրքական հարաբերություններին այս ծրագրում որևէ անդրադարձ չկա: ՀՀ Կառավարությունը սահմանափակվել է՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման գործընթացի շարունակականությանը՝ նշելով, որ մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը:

Չնայած ՀՀ իշխանությունների պնդումներին, որ Կառավարությունն արտացոլում է ստանձնած բազմավեկտոր քաղաքականությունը, որոշ հայ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ ծրագրի այս հատվածը որակեցին՝ որպես ինքնամեկուսացող, միավեկտոր քաղաքականություն վարող երկրի արտաքին քաղաքական ծրագիր, որը շատ հեռու է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարող երկրի արտաքին քաղաքական ծրագրից:

«168 Ժամի» հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Չենգիզ Աքթարն ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցի անտեսումը թե Հայաստանի, թե Թուրքիայի կողմից մեծ սխալ է: Մի կողմից՝ Աքթարի խոսքով, նախորդ ծրագրերում նշվում էր Հայաստանի դիրքորոշումը, և չկար այդ ուղղությամբ որևէ քայլ կողմերից ոչ մեկի կողմից, ու այդ թեմայի ներառումը ծրագրում միայն ՀՀ դիրքորոշման հաստատումն էր, մյուս կողմից՝ անհրաժեշտ է, որ կողմերը՝ անկախ արդյունքից, իրենց դիրքորոշումը հայտնեն, այլապես տպավորություն է ստեղծվում, թե նման հարց գոյություն չունի:

Սա, նրա որակմամբ, նշանակում է, որ ոչ մի հարևանի համար հայ-թուրքական սահմանի բացումը կարևոր հարց չէ, այն դուրս է նրանց քաղաքական օրակարգերից, չկան միմյանց նկատմամբ պահանջներ, նախապայմաններ:

«Սա մի փոքր տարօրինակ է թվում միայն այն հայտարարությունների ֆոնին, որոնք հնչել են: Այսինքն՝ ՀՀ նոր իշխանություններն իրենց հայտարարություններում չեն շրջանցել Թուրքիայի հետ հարաբերությունները, անդրադարձ դրանց եղել է, ուստի, թե ինչո՞ւ է ներկայումս որոշվել չանդրադառնալ երկկողմ հարաբերություններին՝ չեմ կարող ասել, գուցե որոշում կա՝ փակել երկխոսության դուռը:

Հիշում եմ, որ ՀՀ վարչապետն անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու անհրաժեշտությանը, որին դեմ դիրքորոշում էր հայտնել: Սա ևս դիրքորոշում է, որը նույնպես կարող էր դառնալ ծրագրային դրույթ: Այնուամենայնիվ, դա ՀՀ իշխանությունների որոշումն է, կամ գուցե դեռ լինեն խմբագրումներ: Ես ևս դեմ եմ նախապայմաններին և հայ-թուրքական հարաբերություններն Արցախյան հիմնախնդրով պայմանավորելու քաղաքականությանը, սա դիրքորոշում է, որը պետք է առաջ մղեն իշխանությունները»,- ասաց Աքթարը:

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը ևս կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության ամենակարևոր կետերից մեկն է:

«Սակայն չի բացառվում, որ այս քայլն ուղերձ է Թուրքիայի իշխանություններին, որոնք այս հարցն արդեն երկար ժամանակ մղել են ետին պլան: ԼՂ հակամարտության վերաբերյալ Կառավարությունն իր տեսլականը մանրամասնորեն ներկայացրել էր, ինչն ուրախալի է և կանխատեսելիություն է մտցնում գործընթացում»,- ասաց Ալեքսանդր Ռարը:

Ինչ վերաբերում է ծրագրի արտաքին քաղաքական մյուս հատվածներին, ապա Ռարն ասաց, որ, ըստ էության, այն ձևակերպումները, որոնք ներառված են ծրագրում երկկողմ հարաբերությունների հատվածում, ցույց են տալիս, որ Հայաստանն ամենախորը հարաբերությունները դիտարկում է Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը համապատասխանում է այն հայտարարություններին, որ Հայաստանը շրջադարձեր չի կատարելու, քանի որ նախկինում ևս այդպես էր:

Հետևաբար, նրա խոսքով, ծրագրի ներկայիս տեսքը բազմավեկտոր կոչել հնարավոր չէ, որովհետև նախկին իշխանությունների օրոք ևս ՀՀ քաղաքականությունը հիմնված էր մեկ գերտերության հետ ակտիվ և խորը հարաբերությունների վրա:

«Սակայն հնարավոր է, որ առանց հստակ ձևակերպումներ տալու՝ ՀՀ նոր իշխանությունները ձգտեն է՛լ ավելի սերտ համագործակցության Միացյալ Նահանգների և Եվրոպական միության հետ, սակայն դա արտացոլված չէ ծրագրում: Այնուամենայնիվ, Կառավարությունը հավատարիմ է մնացել «շրջադարձեր չեն լինելու» պնդմանը, և հասկանալի է, որ դա բազմավեկտոր քաղաքականություն չէ»,- նկատեց վերլուծաբանը:

Վերջինիս համոզմամբ, արտաքին քաղաքականության ոլորտում իշխանությունները զգուշություն են ցուցաբերում՝ ամենայն հավանականությամբ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հակամարտ բնույթը:

Տեսանյութեր

Լրահոս