«Ես դայակին վճարում եմ 110 000 դրամ, որից 55 000-ը պետությունն է տալիս, սակայն այդ գումարից 25 000-ը որպես եկամտահարկ է վճարվում»
Պետությունը 2018 թվականից աջակցության ծրագիր է մշակել այն մայրերի համար, ովքեր երեխայի խնամքի արձակուրդում են, սակայն ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50 տոկոսը, որը, սակայն, չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամը: Աննա Եսայանցը ծրագրի առաջին շահառուներից է: Լուրերով մի օր պատահաբար լսել է այդ մասին և որոշել փորձել:
«Դայակ պետության հաշվին» ծրագիրը Աննայի համար և թերություններ, և առավելություններ ունի: «Թերություններից մեկը հսկայական թղթաբանական քաշքշուկներն են, ինչպես նաև եկամտահարկի բարձր տոկոսը: Լավ կլիներ, որ մի քիչ իջեցվեր: Ես դայակին վճարում եմ 110 հազար դրամ, որից 55 հազարը պետությունն է տալիս, սակայն այդ գումարից 25 հազարը որպես եկամտահարկ է վճարվում»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց նա:
Աննայի բալիկը 3 ամսական էր, երբ մայրը որոշեց վերադառնալ աշխատանքի: «Գոհ եմ ծրագրից այնքանով, որ պետությունը ինչ-որ չափով փոխհատուցում է»,-նշեց նա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Դայակ պետության հաշվին» ծրագրից այս տարի արդեն օգտվել է 85 մարդ: Նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ 2019 թվականի համար նախատեսված է 400 անձի ֆինանսավորում՝ 242 մլն դրամ գումարով: «Դայակ պետության հաշվին» ծրագրի շրջանակներում 2018 թվականին նախատեսվել էր 200 անձի ֆինանսավորում, սակայն փաստացի իրականացվել է 474-ը։ 2018 թվականին նույն ծրագրի իրականացմանը հատկացվել էր 121 մլն դրամ»,-նշեց նա։
Մարտիրոսյանի խոսքով՝ եղել են ծրագրին մասնակցել ցանկացողներ, ովքեր մերժում են ստացել, քանի որ դիմումները չեն համապատասխանել պահանջվող չափանիշներին: «Նման անձանց թիվը մեծ չէ: Մերժման միակ պատճառն այն է, որ քաղաքացիները ծրագրի համար դիմել են աշխատանքի վերադառնալուց հետո, մինչդեռ այն նախատեսված է բացառապես խնամքի արձակուրդում գտնվողների համար»,-ընդգծեց Մարտիրոսյանը։
Նա հավաստիացրեց, որ մոտ ապագայում ծրագրում որևէ փոփոխություն չի նախատեսվում։
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձինք, ովքեր մինչև երեխայի երկու տարին լրանալը ցանկանում են վերադառնալ աշխատանքի՝ երեխայի խնամքը կազմակերպելով ծրագրի միջոցով, պետք է նախապես հաշվառված լինեն իրենց բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոններում:
Ծրագրում ընդգրկվել ցանկացող անձանց թիվը ՀՀ պետական բյուջեով սահմանված ծրագրերի թիվը գերազանցելու դեպքում ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն տրվում է անձանց՝ ում միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017թ․ նախնական տվյալներով կազմել է 195 074 դրամ կամ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են, ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա կամ ունեն երեք և ավելի երեխա կամ հաշմանդամություն ունեցող երեխա:
Նշված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է տարածքային կենտրոնում առավել երկար ժամկետով հաշվառված անձանց: Ծրագիրը հնարավորություն է տալիս որպես դայակ հանդես գալ երեխայի տատիկին, սակայն եթե գրանցված չեն միևնույն հասցեում:
«Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» ծրագրի կիրարկումն ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսի 7-ից:
Անի Դանիելյան